Արցախի պահպանության կոմիտեն հայտարարություն է տարածել, որտեղ նշված է.

«Արցախի պահպանության կոմիտեն արձանագրում է՝ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի վերջին վարքագիծը և հանրային դաշտում հաստատված քայլերը հանգեցրել են վստահության փաստացի փլուզման՝ թե՛ արցախահայության, թե՛ թեմական կյանքի ներսում։

Մենք խիստ դատապարտում ենք այն հանգամանքը, որ Արցախի թեմի առաջնորդի անունն ու դիրքը հայտնվել են քաղաքական շփումների և գործընթացների կենտրոնում՝ այն պայմաններում, երբ արցախահայությունը դեռ կրում է տեղահանության, կորստի և ազգային աղետի ծանր հետևանքները։ Արցախի թեմի առաջնորդի պարտականությունն է լինել ժողովրդի կողքին՝ ոչ թե ստեղծել այնպիսի տպավորություն, որ թեմի բարձր ամբիոնը վերածվում է քաղաքական օրակարգերի գործիքի։

Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի կողմից ցուցաբերված մոտեցումը, անկախ հետագա մեկնաբանություններից, արդեն իսկ առաջացրել է հանրային արդարացի վրդովմունք, թեմի ներսում՝ լեգիտիմության կասկած, իսկ արցախահայության շրջանում՝ հոգևոր առաջնորդի դերակատարման մերժում։ Այս իրավիճակը նշանակում է մեկ բան՝ տվյալ առաջնորդությունը այլևս չի ապահովում թեմի միասնականությունը, հեղինակությունն ու հոգևոր անվտանգությունը։

Ուստի Արցախի պահպանության կոմիտեն.

Պահանջում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսից՝ անհապաղ փոխել Արցախի թեմի առաջնորդին, քանի որ ստեղծված պայմաններում թեմը չի կարող ղեկավարվել վստահության բացակայությամբ և շարունակական ներքին լարվածությամբ։

Կոչ է անում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ առանց ձգձգման նշանակել ժամանակավոր տեղապահ և ապահովել կանոնական կարգով թեմի բնականոնացման ընթացքը։

Պահանջում է, որ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հրապարակային, հստակ և փաստարկված պատասխան տա՝ ինչ սկզբունքներով և ինչ պատասխանատվությամբ է առաջնորդվել՝ գիտակցելով, որ Արցախի թեմի առաջնորդի յուրաքանչյուր քայլ ունի ազգային և հոգևոր ծանր հետևանքներ։

Մենք հայտարարում ենք հստակ՝ Արցախի թեմը չի կարող լինել փորձարկումների, անձնական նախաձեռնությունների կամ քաղաքական մանևրների հարթակ։ Երբ առաջնորդը դառնում է բաժանման պատճառ, նա այլևս չի կատարում առաջնորդի առաքելությունը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել