«Տարբեր ուղղություններով Հայաստանի դիմակայունության բարձրացման, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու ուղղությամբ ՀՀ-ԵՄ համագործակցությունը շարունակական է և նոր չի սկսվել»,- այդ մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը` ի պատասխան Aysor.am-ի հարցի` արդյոք Հայաստանը ընտրություններին ընդառաջ օգնությո՞ւն է խնդրել ԵՄ-ից:

«Գործընկերության զարգացմանը զուգահեռ դիտարկվում, մշակվում, հաստատվում են ՀՀ ժողովրդավարական, տնտեսական դիմակայունության ամրապնդմանն ուղղված տարբեր նախաձեռնություններ։ Այդ սկզբունքով ընդունվեցին, օրինակ՝ այս պահին  իրականացման ակտիվ փուլում գտնվող «Դիմակայունություն և աճ» ծրագիրը, Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայման մասին որոշումը։ Բացառություն չէ ընտրական գործընթացները ժողովրդավարական չափանիշներին համահունչ ապահովելու ճանապարհին հնարավոր հիբրիդային սպառնալիքներին հակազդելու նպատակով փոխգործակցությունը, ԵՄ աջակցությունը՝ հաշվի առնելով այս ուղղությամբ ԵՄ ու անդամ երկրների փորձն ու գործիքակազմը»,- ասաց ԱԳՆ խոսնակը:

Նա նաև նշեց՝  կան այդ ուղղությամբ համատեղ քննարկումների արդյունքում ձևավորված նախաձեռնություններ, որոնց շուրջ որոշումների կայացման պարագայում հանրությանը պատշաճ կտեղեկացնեն:

Հիշեցնենք` ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասը հայտարարել է, որ Հայաստանին կաջակցեն Մոլդովայի նման:

«Հաջորդ տարի Հայաստանում ընտրություններ են անցկացվելու։ Այսօր մենք կքննարկենք, թե ինչպես կարող ենք օգնել Հայաստանին այս հարցում։ Հայաստանը մեզանից օգնություն է խնդրել արտաքին միջամտությունը կանխելու համար»,-հայտարարել էր Կալասը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել