168.am-ը գրում է․

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործաալությունը (ԱԷՄԳ) պետք է կարողանա անհապաղ վերսկսել իր գործունեությունն Իրանում։ Այս մասին նա գրել է X միկրոբլոգում Ելիսեյան պալատում ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպումից հետո:

Մակրոնը վստահեցրել է, որ Փարիզն աջակցում է ԱԷՄԳ-ին։

«Ֆրանսիան ամուր կանգնած է ԱԷՄԳ-ի կողքին, որի դերը կենսական նշանակություն ունի միջուկային անվտանգության համար։ Անհրաժեշտ է, որ գործակալությանը թույլատրվի վերսկսել իր առաքելությունն Իրանում», – նշել է Մակրոնը։

Հունիսի 25-ին Իրանի խորհրդարանի անդամները հաստատել են օրինագիծ Իսլամական Հանրապետության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ:

Գործակալության աշխատակիցներին չի թույլատրվում մուտք գործել երկիր՝ ստուգումներ անցկացնելու համար, քանի դեռ Իրանի միջուկային օբյեկտների անվտանգությունը և խաղաղ միջուկային գործունեությունը երաշխավորված չեն:

Թեհրանը նշել է, որ Իսրայելի, ապա Միացյալ Նահանգների կողմից հարվածների ենթարկված բոլոր իրանական միջուկային օբյեկտները գտնվում են ԱԷՄԳ-ի հսկողության և պաշտպանության ներքո, որը ոչինչ չի արել այդ հարձակումները կանխելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել