ԽՍՀՄ ժամանակ մտածել են, որ ԽՍՀՄ-ը հավերժ է եւ բաժանարար փաստաթղթերը հիմա շատ դժվար է գտնելը եւ շատ դժվար է կոնկրետ բան ասելը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե այսպես կոչված անկլավների մասով չկան իրավական հիմքեր, իրավական փաստաթղթեր:

«Կա կոնկրետ Արծվաշենը, որի Հայաստանին պատկանելիությունը ոչ մի կողմ չի սակարկում, բայց ես վստահ եմ, որ մենք այդ հարցում լուծում կգտնենք»,-ասաց նա:

Ճշտող հարցի՝ ի վերջո կա՞ իրավական հիմք անկլավների մասով, ԱԺ նախագահը պատասխանեց. «Եթե կա, մենք պատրաստ ենք իրենց անկլավները վերադարձնել, իրենք էլ մեր Արծվաշենը պետք է վերադարձնեն: Ես չեմ բացառում, որ մենք ինչ-որ լուծում կգտնենք, եւ, օրինակ, այն, ինչ գտնվում է սահմանից այս կողմ, կմնա այստեղ, այն, ինչ գտնվում է սահմանից այն կողմ, կմնա այնտեղ: Օրինակ, Արծվաշենն իր տարածքով շատ  ավելի մեծ է, քան այն 2-3 անկլավը, որոնց մասին Ադրբեջանը կարող է խոսել»:

Անդրադառնալով անվտանգությանը, Ալեն Սիմոնյանն ասաց. «Եթե խաղաղություն է, Հայաստանն ի վիճակի է, այդ մի քանի փոքր տարածքները, որ Հայաստանից հնարավորություն ունեն էքսկլավ գնալու, իր ուժերով վերահսկել եւ տրամադրել: Նույնը պետք է անի Ադրբեջանը: Մենք ամեն ինչ անում ենք հավասարության տրամաբանության մեջ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել