«ԼԵԳԻՍՏ» փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Արսեն Բաբայանն ու Սոս Հակոբյանը փետրվարի 10-ին հրավիրած մամուլի ասուլիսում ներկայացրեցին Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի կողմից Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված անհամատեղելիության պահանջների և կարգապահական կանոնի կոպիտ խախտումների փաստերի մասին:
Հիշեցնենք, որ դեռևս հունվարին մամուլում հրապարակվել էր դեկտեմբերի 28-ին դատարան ներկայացված բողոքի լուսապատճեն, որը ստորագրված էր փաստաբան Սեդա Սաֆարյանի կողմից, մինչդեռ Սեդա Սաֆարյանը, իր պնդմամբ, դեկտեմբերի 16-ից հանդիսանում է Սահմանադրական դատարանի դատավոր և չէր կարող զբաղվել փաստաբանությամբ: Ինքը, Սեդա Սաֆարյանը, փաստացի ընդունելով, որ կատարել է փաստաբանություն, այդ երևույթը գնահատել էր որպես «մի փոքրիկ խնդիր»: Մինչդեռ, ինչպես պնդում են փաստաբաններ Արսեն Բաբայանն ու Սոս Հակոբյանը, դա ոչ թե փոքրիկ խնդիր էր, այլ՝ ծանր և կոպտագույն խախտում:
Արսեն Բաբայանն իր խոսքում մասնավորապես նշել է, որ 2022թ. դեկտեմբերի 5-ին դատարան վերաքննիչ բողոք ներկայացնելով, այնուհետ այդ բողոքը շտկելով և դեկտեմբեր 28-ին կրկին ներկայացնելով՝ Սեդա Սաֆարյանը ուղիղ իրականացրել է ներկայացուցչություն, այսինքն՝ փաստաբանական գործունեություն, որն արգելված էր իրեն՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի»: Բացի այդ՝ Բաբայանը պնդում է, որ այս խախտումը պետք է համարվի էական կարգապահական խախտում, քանի որ այն կատարվել է որպես ի շահ այլ անձի Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակը օգտագործելու նպատակով: Մասնավորապես, ըստ Բաբայանի կողմից հրապարակված Փաստաբանների պալատի խորհրդի որոշման, պարզվել է, որ Սեդա Սաֆարյանը դեռևս 2022 թվականի նոյեմբերի 30-ին գիտակցել է, որ ինքն առնվազն այդ օրվանից սկսած իրավունք չունի զբաղվել փաստաբանությամբ և դիմել է Փաստաբանների պալատի խորհրդին, որպեսզի կասեցվի արտոնագրի գործողությունը: Պալատի խորհուրդը հենց նոյեմբերի 30-ով էլ կասեցրել է, ինչով հաստատվում է, որ սկսած նոյեմբերի 30-ից Սեդա Սաֆարյանն այլևս իրավունք չուներ զբաղվելու փաստաբանական գործունեությամբ: Այսինքն, Սեդա Սաֆարյանը նոյեմբերի 30-ից ունեցել է լիարժեք ընկալում, որ ինքը այլևս իրավունք չունի իրականացնել փաստաբանական գործունեություն, ինչը տվյալ արարքը Սեդա Սաֆարյանի կողմից ուղղակի դիտավորությամբ կատարելու ապացույց կարող է հանդիսանալ։
Սոս Հակոբյանն անդրադառնալով ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման դրվագին հրապարակել է ՀՀ ԱՆ պետական ռեգիստրի գործակալությունից ստացված «Սեդա Սերյոժայի Սաֆարյան» անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման վկայականի քաղվածքը, որից պարզ է դարձել, որ՝ «Դեկտեմբերի 16-ից մինչև հունվարի 17-ը Սեդա Սաֆարյանի կողմից որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված լինելու ամեն օրը (32 օր շարունակ կամ 32 անգամ նույն խախտումը կատարելը) օրենսդրությամբ սահմանված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքի (անհամատեղելիության պահանջի) խախտում է»-մասնավորապես նշել է փաստաբանը հավելելով, որ այդպիսի արարքն օրենսդրությամբ սահմանված անհամատեղելիության կանոնների կոպտագույն խախտում է:
Փաստաբան Սոս Հակոբյանի պնդմամբ՝ «Սեդա Սաֆարյանը միայն հունվարի 27-ին է դիմել պետական ռեգիստր որպես անհատ ձեռնարկատեր հաշվառումից իրեն հանելու համար, չնայած նրան, որ նոյեմբերի 30-ին դիմել էր Փաստաբանների պալատ՝ ասելով, որ կասեցնեն իր փաստաբանական արտոնագիրը, քանի որ ինքը գնում է ՍԴ դատավորի պաշտոնում աշխատելու։ Այսինքն, Սեդա Սաֆարյանը 32 օր շարունակ խախտել է Սահմանադրությունը՝ զբաղվելով ձեռնարկատիրական գործունեությամբ։ Նույն այդ ընթացքում, դեկտեմբերի 28-ին իրականացրել է ներկայացուցչություն (փաստաբանական գործունեություն)»:
Սոս Հակոբյանը նաև հայտնել է, որ այդպիսի խախտման համար օրենսդրությունը նախատեսում է պատասխանատվության բացառապես մեկ տարբերակ, այն է՝ լիազորությունների դադարեցումը:
Փաստաբանները հայտնեցին, որ պատրաստվում են դիմել Ազգային ժողով՝ Սեդա Սաֆարյանի կողմից անհամատեղելիության պահանջների և էական կարգապահական կանոնների առերևույթ խախտումների առիթով Սահմանադրական դատարան դիմելու վարույթ նախաձեռնելու համար:
Возможно, это изображение текстВозможно, это изображение текст
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել