ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը կարողացել էր ամրապնդել Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում: Այդ մասին են վկայում նրա վարած արտաքին քաղաքականության մարտավարությունը, քայլերի ճշմարտացիությունն ու արդյունավետությունը։ Հետևողական աշխատանքի շնորհիվ ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացում մեր դիրքերը շեշտակիորեն ամրապնդվել էին։
Տարիներ շարունակ մեր դիրքորոշման անկյունաքար հանդիսացող ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը, որպես հիմնահարցի կարգավորման հիմնական բաղադրատոմս, հստակ կերպով ամրագրվել էր համանախագահ երկրների ղեկավարների մակարդակով։
Դա այն դիրքրոշումն էր, որին աջակցություն էր հայտնում միջազգային հանրությունը: Նույնիսկ Ադրբեջանի ղեկավարն էր հրապարակայնորեն խոստովանում, որ փակ դռների հետևում իր վրա ճնշում են գործադրում՝ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը։
Եթե տարիներ շարունակ Ադրբեջանը պնդում էր, թե ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի միայն տարածքային ամբողջականության սկզբունքի վրա, ապա այդ ժամանակահատվածում հասել էինք մի հանգրվանի, երբ միջազգային հանրությունն էր ասում, որ ղարաբաղյան հիմնահարցի հանգուցալուծման հիմքում ընկած էին երեք սկզբունքներ` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունն ու ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոշման սկզբունքները, որոնք դիտարկվում են որպես մեկ ամբողջություն։
Վերջին տարիներին եռանախագահները սկսել էին հանդես գալ Ադրբեջանին ուղղված հասցեական հայտարարություններով։
Սերժ Սարգսյանի կառավարման տասը տարիների արտաքին քաղաքականության արդյունքում էր, որ համանախագահների սեղանին դրված էր Արցախի ժողորդի ինքնորոշման իրավունքի հարցը, այդ քաղաքականության արդյունքն էր, որ Շուշին հայկական էր և ոչ մեկ չէր կարող պատկերացնել, որ Շուշին ինչ-որ մի օր կարող է արտասանվել Շուշա։
Մեր երկիրն ակտիվորեն ներգրավված է եղել գլոբալ խնդիրների լուծմանն ուղղված գործընթացներում և նախաձեռնություններում՝ ուղղված զանգվածային ոչնչացման զենքերի չտարածմանը, ապառազինությունների վերահսկմանը, միջուկային անվտանգությանը, ահաբեկչության դեմ պայքարին, ազգային և կրոնական ինքնության հողի վրա իրականացվող խտրականության ու բռնությունների զոհերի պաշտպանությանը, միգրացիոն, փախսատականների խնդիրների արձագանքմանը և այլն։
Վերջին տասնամյակում մեր մշտական ուշադրության կենտրոնում են եղել արտերկրում ՀՀ քաղաքացիների և ծագումով հայերի շահերի պաշտպանությունը, ճգնաժամային իրավիճակներում հայտնված մեր հայրենակիցներին օգնության տրամադրումը։
Հայաստանի դիվանագիտությունը ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման տասը տարիներին կոփվել և կատարելագործվել է: Միջազգային հարաբերություններում մեր պետությունն ընկալվում էր ոչ միայն որպես հայ ժողովրդի շահերի, այլև համամարդկային արժեքների պաշտպան: Հայաստանը միջազգային հանրության ակտիվ, նախաձեռնող և պատասխանատու անդամ էր և հուսալի գործընկեր։ Այս ձեռքբերումները հնարավորություն էին ընձեռնել շարունակել Հայաստանի սկզբունքային ու վստահելի գործունեությունը միջազգային բեմահարթակում: Սակայն այս ամենը զրոյացվեց ստի ու կեղծի վրա հիմնված իշխանությունների կողմից։
Հ.Գ. Մեջբերեմ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետևյալ խոսքերը, որը նկարագրում է այսօրվա ստեղծված իրավիճակը.
Սուտը քո էությունն է, և երբ այն հատել է նաև Հայաստանի սահմանները, քո խղճուկ տեսակը անհանդուրժելի է դարձել մեր երկրի գործընկերներին ևս, ու նրանց կոշտ պատասխանը չի ուշացել:
Երբ Արցախյան հիմնախնդրի բանակցային պատմությունը լսում էիր հայ ժողովրդի թշնամի, իսկ քեզ համար՝ «կիրթ» ու «կառուցողական» Ալիևից, պարզ է, որ դա պիտի դառնար քո միակ ճշմարտությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել