Հին աստվածների կործանումը

Միֆերը նստած են մեզանից յուրաքանչյուրի գլխում: Դա և Անհատական, և Հասարակական Անգիտակիցն է։ Միֆերն ինքնաբուխ չեն ստեղծվում, այլ մեր գլուխներում ներբեռնվում են մշակույթի, դասագրքերի, մամուլի միջոցով ու շատ կարեւոր է, թե ով է դրանք ներբեռնում եւ ինչի համար։ Եթե դրա հեղինակների նպատակն է ազգային պետականության ստեղծումը, դա մի բան է, եթե միջազգային հանրությունն է, ապա դա այլ բան է ու այլ խնդիրների է ծառայում։

Ինչ միֆերերի են անգիտակից կերպով հավատում անձերը, համապատասխան արդյունք է ունենում անձերի կոլեկտիվը՝ հասարակությունը, պետությունը:

Միֆերը հատկապես կարևոր են պետությունների ճակատագրի համար, սակայն դրանք ջարդվում, կամ այլափոխվում են ճգնաժամային իրավիճակներում, մասնավորապես՝ պատերազմի: Պատերազմը կեղծ միֆերի սանիտարն է։ Դա սարսափելի գնով վաստակած անկեղծության պահն է։

Կործանվող Միֆերը

1. Կա "միջազգային հանրություն", որի համար ինչ-որ արժեքային համակարգ և կոլեկտիվ որոշումների ընդունված մեխանիզմ գոյություն ունի (հիշենք հրադադարի երեք պայմանավորվածությունները)։ Միջազգային քաղաքականությունը հիմնված է ոչ թե ինչ որ արժեքային համակարգի, այլ կրիմինալ աշխարհի օրենքների վրա։

Դա է միջազգային հարաբերությունների ողջ իմաստը։ Մենք տեսանք "թավշյա, ոչ բռնի հեղափոխության" միֆի փլուզումը, որը ՄԱԿ-ի ամբիոնից փորձում էր աշխարհին ծախել քաղաքական դիակը։ Այդ միֆը փլուզված է։ Կան շահեր, կա դրվածք, որտեղ "արժեքները" կես կոպեկ չարժեն։ Կրիմինալ օրենքները նույնպես օրենքներ են, որոնք պետք է տիրապետել ու որտեղ թույլը տեղ չունի եւ չի կարող վերացական արդարության հույս փայփայել։

2․ "Մարդու իրավունքների" միֆի փլուզումը։ Վերցնենք զուգահեռաբեր ընթացող երկու գործընթաց՝ Արցախի ծննդատան ռմբակոծումը, գերիների խոշտանգումներն եւ գնդակահարությունները և Նավալնու "թունավորումը"։ "Միջազգային հանրությունը" Ռուսաստանին պատժում է Նավալնիի "մարդու իրավունքների" խախտման համար և պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի հանդեպ, սակայն կա կոնկրետ մարդանց իրավունքներ, որոնց իրավունքների խախտման ոչ մի ապացույց պետք չէ բերել, ամեն ինչ հստակ է, սակայն հիվանդանոցի ռմբակոծումից տուժած մարդկանց իրավունքի՝ կյանքի իրավունի խախտման համար ոչ մի պատժամիջոց չի կիրառվում։ Կարող ենք Սիրիայից, Իրաքից և բազմաթիվ այլ երկրներից նմանատիպ օրինակներ բերել։ Ինչո՞ւ է այդպես։ Որովհետև կան մեծ շահեր։

Մարդու իրավունքները կարևոր են ցանկացած երկրի կայացման համար, բայց դա ներքին խնդիր է ու յուրաքանչյուր արժանապատիվ հասարակություն պետք է ձգտի այդ իրավուները կատարելագործել: Միջազգային հարաբերություններում "մարդու իրավունքները" խաղաքարտ է, ողջ ցինիզմով հանդերձ թիրախ երկրներին ճնշելու համար։ Պետք չէ թույլ տալ, որ որևէ երկիր միջամտի քո ներքին գործերին։ Այս միֆն էլ է սկսվել կործանվել, ինչը կարևոր է հասուն հասարակություն ձևավորելու համար։ Կարճ ասած, մարդու իրավունքները միջոց են երկրների ներքին գործերին միջամտելու համար ու, որպես հետեւանք, իրավապաշտպանները, թեկուզ իրենց կամքից անկախ, երկրի ներքին գործերին միջամտելու խողովակներ։

3․ Կան երկրներ, ում հետ անվտանգային գլխավոր շահերը համընկնում են, կան երկրներ ում հետ չեն համընկնում ու այդ երկրներն այնպիսին են, ինչպիսին որ կան ու ժողովրդավարական, իսլամական, քիրստոնեական ու այլ տիպի որակումները երկրորդական դեր են կատարում։ Կան շահեր, կան աշխարքաղաքական բալանսներ, կան դրանց վրա հիմնված կոալիցիաներ ու հակակոալիցիաներ։ Դա մենք ակնհայտորեն տեսանք պատերազմի ընթացքում։ "Արժեքները" քաղաքական կատեգորիաներ չեն ու երբեք էլ չեն եղել։ Դա միֆ է։

4․ Տեռորիզմի ու ծայրահեղականների դեմ առաջավոր հանրության պայքարի միֆը նույնպես փլուզվեց։ Համարյա բոլոր տեռորիստական կազմակերպությունները, կրոնական եղբայրությունները (ասենք Թուրքիայում ու Կատարում իշխող Մուսուլման Եղբայրների միությունն և այլն) ստեղծվել են հատուկ ծառայությունների կողմից՝ Արևմտյան, ու այդ կապն ակնհայտորեն շարունակում է գործել։ Նույն գործով են զբաղված իրենց հարգող ցանկացած լուրջ պետությությունների հատուկ ծառայությունները։ Այդ կազմակերպություններն ընդամենը գործիքներ են և պատահական չի, որ ՆԱՏՈ-ի "արժեքավոր անդամ" (ըստ ՆԱՏՈ-ի քարտուղարի, ԱՄՆ ու բրիտանացի անկյունաքարային պաշտոնյաների բնորոշման) Թուրքիայի կողմից Արցախ գործուղված տեռորիստների փաստը բնականորեն է ընդունվում։ Չծանրաբեռնելու համար չեմ բերում 19-րդ դարից սկսած մինչ այժմ եղած հեղափոխական, կրոնական, ազգայնական ու սոցիալ-դոկտրինալ բազմաթիվ շարժումների ստեղծման պատմությունների աստառները։

Սա ընդամենը մի քանի միֆեր էին (որոնց ցուցակը կարող ենք շարունակել), որոնց կործանումը կարևոր է սթափ պետական քաղաքականություն ձևավորելու համար, ինչպես նաև ներքաղաքական առողջ հարաբերություններ ունենալու համար։

Միֆերի փլուզումն է կարող մեզ ձերբազատել ավելորդ հույսերից ու ճանապարհ բացել կայուն պետական համակարգ վերստեղծելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել