168.am-ը գրում է․

Tesla-ի հիմնադիր Իլոն Մասքն այն հաղորդագրությունների ֆոնին, որ Apple-ը կարող է իր էլեկտրամոբիլը ներկայացնել մինչեւ 2024 թվականը, հայտարարել է, որ դժվարին ժամանակներում Apple ընկերության ղեկավար Թիմ Քուկին առաջարկել է քննարկել ընկերության գնումների հնարավորությունը, սակայն նա մերժել է:

«Model 3 ծրագրի ամենադժվարին օրերին ես կապվեցի Թիմ Քուկի հետ՝ քննարկելու Apple ընկերության կողմից Tesla-ի գնման հնարավորությունը: Նա հրաժարվեց հանդիպումից»,-դեկտեմբերի 23-ին Մասքը գրել է Twitter-ում: Apple-ի պլանների մասին նախօրյակին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրների: Ընկերությունն ինքը դեռ դրանք չի հրապարակել: Գործակալության համաձայն, ընկերությունն սկսել է սեփական ավտոմեքենայի մշակմամբ զբաղվել դեռ 2014 թվականին այն նախագծի շրջանակներում, որը հայտնի է որպես Project Titan: Apple-ի ռազմավարության մեջ հիմնականը նոր տեսակի մարտկոցների արտադրությունն է, որոնք խիստ նվազեցնում են դրանց ներկայիս գները:

Tesla-ն 2017 թվականին Model 3-ի արտադրությունն սկսելուց հետո չի կարողացել իրագործել արտադրության ծավալները եւ պատվերների սպասարկումը: 2018 թվականի ապրիլին նրա կապիտալացումն ընկել է քառորդ մասով, եւ ընկերությունն ստիպված է եղել արտակարգ միջոցներ ձեռնարկել իրադրությունը շտկելու համար: Հետագայում Tesla-ն քանիցս հաշվետվություն է ներկայացրել վնասների մասին, սակայն շարունակել է վստահորեն մեծացնել ավտոմեքենայի թողարկումը:

Առաջին անգամ ընկերությունը զուտ շահույթի հասավ միայն 2018 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով, սակայն այդ ցուցանիշներն աննշան են մնացել արտադրական հզորություններում ներդրումների պատճառով: Tesla-ի զուտ շահույթը, 2020 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով, տարեկան արտահայտությամբ աճել է 2,3 անգամ՝ հասնելով 331 միլիոն դոլարի: Tesla Model 3-ն էլեկտրական հինգտեղանոց սեդան է, մոդելը ներկայացվել է 2016 թվականի մարտի 31-ին: Tesla Model 3-ը մշակվում է նոր հարթակով, որը տարբերվում է նրանցից, որոնք օգտագործվում են Tesla Model S-ում եւ Tesla Model X-ում: Tesla Model 3-ը դարձել է ընկերության առաջին մոդելը, որը նախատեսված է զանգվածային շուկայի համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել