Եթե ապագայում գրի առնվի մեր ժամանակակից պատմությունը, ապա հասարակարգի օբյեկտիվ գնահատական տալիս այն հավանաբար կորակվի «ԱՄԵՆԱԹՈՂ ԴԻԼԵՏԱՆՏԻԶՄԻ ԱՄԲՈՂՋԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ»։

Սա նախ և առաջ նշանակում է մրցունակ տգետների և մարտնչող միջակների տիրապետության հաստատում հասարակության կյանքի տարբեր բնագավառներում։ Մարդու ազատ խոսքի և առհասարակ ազատ գործելու իրավունքն (Սահմ․ 39 հոդվ․) այն աստիճան է ուռճացվում, չարաշահվում և բռնաբարվում, որ անդեմ անհատը դիլետանտության հրավառության մթնոլորտում չի կարողանում գիտակցել սեփական կարողությունների սահմանափակվածությունը, այլ կերպ ասած՝ անձնական տկարամտությունը և այն անձնական ջանքով հաղթահարելու անհրաժեշտությունը։

Անդեմ զանգվածը քաջալերում է նրան նոր բարձունքներ նվաճելու և այդ ճանապարհին նա ավելի է կատարելագործում իր միջակությունը, ձևավորում դրա մասին նոր կլիշեներ, հայեցակարգեր, ի վերջո իր ծաղկման շրջանում վերածվում ինքնավստահ և ամենաթող դիլետանտության։

Ամենաթող դիլետանտությունը, որպես կանոն, անբուժելի հիվանդություն է։ Այն պաթոլոգիկ աֆեկտի պես մթագնում է մարդու գիտակցությունը և մղում նրան «քաջագործությունների»։ Նրա դեպքում մասնագիտական քննարկումը վերածվում է հայհոյախառն գզվռտուքի, առողջ խոսքը՝ բամբասանքի, տրամաբանությունը՝ հակաբնական անօրինաչափության, անձնական ինքնավարությունը՝ ամբոխահաճո խառնամբոխության, ակնհայտ ճշմարտությունը՝ անբեկանելի սխալականության և այսպես շարունակ․․․

Հ․Գ․ Համավարակը փնտրեք ձեր հոգեկան աշխարհում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել