Որքան մոտենում է առաջին Հանրապետության հռչակման օրը այնքան վերստին մտաբերում եմ այդ ժամանակների մեր ոդիսականը։

Որպիսի՞ արհավիրքների ու սպանդի միջով անցանք, աներևակայելի կոտորածների ու գաղթի մատնվեցինք, ի՞նչ ցավեր ու չսպիացած վերքեր մնացին մեր սրտերում ու հոգիներում, որոնք ժամանակի ոչ այնքան հեռվից պատմական ցնորքի պես են թվում։

Այդ մութ ծալքերով լի իրադարձությունները՝ սկսած Հայոց ցեղասպանությունից մինչև Առաջի հանրապետության կորուստը, այնքան արագ ու հապճեպ է կատարվեցին, որ նույնիսկ չզգացինք, որ մի ամբողջ հավերժություն է դրա տակ թաքնված։ Մենք հիմա նոր ենք հասկանում այս դեպքերի մի կողմից տրամաբանական և մյուս կողմից հակասական շղթան, թեև դա էլ հարց է թե համարժեք ընկալո՞ւմ ենք, թե ոչ։ Բայց հստակ է, որ անցյալ հարյուրամյակը ցավի, կորստի, հաջողության ու հիասթափության կնիքով դաջված է մեր պատմական հիշողության մեջ։

Մեզնից շատերը այս օրերին փառաբանում են Առաջին Հանրապետություն ստեղծումը և կարճատև ընթացքը, որով վստահ եմ բոլորս հպարտանում ենք՝ հատկապես հերոսական կռիվներով ու ազգային ոգու վերելքով։ Մայիսյան հերոսամարտերը իրենց խորհրդով մեր նորօրյա Ավարայրի ընդօրինակումն էին, որի համար խոնարհվում ենք հերոս նահատակների սխրանքների առաջ։

Բայց որքան խութեր ու չբացահայտված հարցեր կան այս շրջանի դեպքերի ետնախորքում, որ մեզ մտորելու տեղիք են տալիս։ Այդ հարցերը նաև հետմահու տանջում են Զորավար Անդրանիկին, Նուբար Փաշային, Հայոց ազգային պատվիրակությանը, որոնք խնդրում էին հայկական իշխանություններին սպասել մինչև Փարիզի Peace Conferance-ի վերջնական որոշմանը, որում հայերը հանդիսանում էին պահանջատեր և հաղթած ժողովուրդ, այնինչ այդ կարգավիճակը շատ կարճ ժամանակահատվածում վերափոխվեց։ Եվ պատահական չէ, որ Թուրքիան չվարանեց անհապաղ ճանաչելու Հայկական պետության անկախությունը, որի տարածքը ինչպես ժամանակի գործիչներից մեկն էր բնորոշում բավարար էր միայն Սևանա լճում լողանալու և ափին չորանալու համար։

Իհարկե հետագայում, երբ Թուրքիան կապիտուլացվեց մենք հնարավորություն ստացանք մեր տարածքները ընդլայնելու, բայց ցավոք աշխարհաքաղաքական դրության փոփոխության արդյունքում մենք կորցրինք նաև այդ տարածքները՝ այդպես էլ անկատար դարձնելով Միացյալ Հայաստան ունենալու մեր իղձը։

Բոլոր դեպքերում մեր փոքրիկ Հայաստանը այսօր իրավահաջորդ է Առաջին Հանրապետության, իսկ մենք ժառանգորդը նրա բնության, պատմության, քաղաքակրթական կերպարի։

Շնորհավոր բոլորիս տոնը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել