Վերջին օրերին մամուլում քննարկվում է Իսրայելում դեսպանատուն բացելու Հայաստանի որոշման կապակցությամբ հարեւան Իրանի պաշտոնական արձագանքը: Ինչպես պարզվում է պաշտոնական լրահոսից, Իրանն այդ կապակցությամբ իր մտահոգությունն է փոխանցել Հայաստանին եւ կոչ է արել վերանայման ենթարկել հիշյալ որոշումը:

Ոչ մի խոսք, որ Հայաստանն անկախ ու ինքնիշխան պետություն է եւ իրավունք ունի սեփական կամքի եւ շահերի համաձայն տնօրինելու իր արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերը:

Բայց միեւնույն ժամանակ ինքնիշխան ու անկախ լինել չի նշանակում առանց պատճառի «կոխ մտնել» բարեկամ երկրների հետ եւ կամ դիմել այնպիսի քայլերի, որոնք կարող են հարեւան երկրի մոտ թյուրիմացության առիթ դառնալ ու խաթարել երկու բարեկամ երկրների միջեւ տասնամյակներից ի վեր ձեւավորված վստահության մթնոլորտը: Առաջին հայացքից ինքնիշխանության արտահայտություն համարվող, սակայն խորքում չուսումնասիրված նման քայլը հատկապես անիմաստ ու վտանգավոր է դառնում այն ժամանակ, երբ այդ քայլին դիմելով շահում ես ոչինչ ու փոխարենը կորցնում ես շատ բան:

Իսրայելում դեսպանատուն բացելով Հայաստանը չի ակնկալում ձեռք բերել ոչինչ ավելի, քան այն, ինչ այսօր ունի երկու պետությունների միջեւ 1992 թվականից ձեւավորված հարաբերությունների արդյունքում: Փոխարենը խաթարում է շուրջ երեք տասնամյակների ընթացքում իր հանդեպ ձեւավորված հարավային հարեւանի խիստ արժեքավոր ու ռազմավարական նշանակություն ունեցող վստահությունը, որի հետ թեկուզ կիսաբաց (բնութագրումը վարչապետ Նիկոլ Փաշինյանինն է) սահմանն այսօր համարվում է դրսի աշխարհի հետ հաղորդակցվելու Հայաստանի երկու հնարավորություններից մեկն ու, ի դեպ, ամենավստահելին:

Եվ սա դեռ այն ամենը չէ, ինչ մենք հնարավոր է՝ կորցնենք ոչնչի դիմաց:

ԱՄՆ-ում «իսրայելական» լոբբիին մաս կազմող «Ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամ»-ի (The Foundation for Defense of Democracies) կայքում մայիսի 11-ին հրապարակվել է ադրբեջանական փողերով սնվող էներգետիկայի ոլորտի խորհրդատու եւ իսրայելական համալսարանի քաղաքագիտության գծով պրոֆեսոր Բրենդա Շաֆֆերի (Brenda Shaffer) «Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները. արդյոք հաջորդը լինելո՞ւ է բնական գազը» (U.S. Sanctions on Iran: Is Natural Gas Next?) խորագրով հոդվածը:

Խորագրից արդեն պարզ է, թե ինչ թեմա է շոշափում հոդվածը, որտեղ նաեւ անդրադարձ է կատարվել Իրանից Հայաստան արտահանվող գազին: Գաղտնիք չէ, որ Հայաստանի ու Իրանի ժամանակի իշխանությունների հեռատեսության շնորհիվ երկու երկրների միջեւ պայմանագիրը ձեւավորվել է գազ էլեկտրաէներգիայի դիմաց ձեւաչափով, ինչը հնարավորություն է տվել երկու երկրների միջեւ համագործակցությունը զերծ պահել Իրանի դեմ միջազգային տարբեր տեսակի պատժամիջոցների ազդեցությունից: Հոդվածագիրը փորձ է կատարել ապացուցելու, որ ԱՄՆ պատժամիջոցները կարող են տարածվել նաեւ այս պայմանագրի պարագայում, ու զարմանք է հայտնել առ այն, որ Թրամփի վարչակազմը մինչ օրս դա չի ներառել իր պատժամիջոցների ցուցակում: Շաֆֆերն, ի դեպ, ԱՄՆ-ի իշխանություններին խորհուրդ է տվել Հայաստանին պարտադրել դադարեցնել Իրանից գազի ներկրումը:

Փաստորեն, ներկա իշխանությունների կառուցած «բարձր» կլասի արտաքին քաղաքականության շնորհիվ Հայաստանը ոչ միայն ոչինչ չի շահում, այլեւ չի բացառվում, որ, իր հարավային հարեւանի վստահությունը խաթարելուց բացի, իսրայելա-ադրբեջանական լոբբիի տված խորհուրդներով մոտ ժամանակներս նրա առջեւ խնդիր է դրվելու հրաժարվելու իր էներգետիկ անվտանգության կարեւոր երաշխիքից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել