ՀՀ ՊԱՐԵՏ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԻՆ

ԴԻՄՈՒՄ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Հարգելի պարոն Ավինյան,

Համաձայն ՀՀ կառավարության 16.03.2020թ. 298-Ն որոշման (այսուհետ՝ նաև Որոշման) 23-րդ կետի՝  Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքներից դուրս վարակման առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի, զննում (վարակի թեստավորում) անցնող անձանց և մեկուսացվածների քանակի, ինչպես նաև խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող տեղեկությունների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների (այսուհետ` հաղորդում) հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ` ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով, ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցների կողմից կատարվում է միայն պարետատան կողմից տրամադրված տեղեկատվությանը (այսուհետ` պաշտոնական տեղեկատվություն) հղում կատարելով:

Նույն որոշման 24-րդ կետի համաձայն՝ նշված «հաղորդումները չպետք է հակասեն պաշտոնական տեղեկատվությանը և պետք է հնարավորինս վերարտադրեն այն», իսկ 26-րդ կետով նախատեսվում է, որ «սահմանված դրույթների խախտմամբ կատարված հաղորդումները ենթակա են անհապաղ վերացման այն կատարած անձանց կողմից»:

Սահմանադրության 76-րդ հոդվածի համաձայն՝ արտակարգ դրության ժամանակ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները «կարող են օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես կասեցվել կամ լրացուցիչ սահմանափակումների ենթարկվել միայն այնքանով, որքանով դա պահանջում է իրավիճակը»։

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ իրավունքների և ազատությունների սահմանափակումները «պետք է կիրառվեն բացառապես այն նպատակներով, որոնց համար նախատեսվել են, և պետք է լինեն համաչափ հիշյալ նպատակների համեմատությամբ», ինչը ենթադրում է, որ տեղեկատվություն ստանալու և հաղորդելու, խոսքի ազատության իրավունքները չեն կարող անհամաչափ սահմանափակվել, և կիրառված սահմանափակումները պետք է լինեն պիտանի և անհրաժեշտ Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար։

Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.3 հոդվածի 8-րդ կետի՝ «Զանգվածային լրատվամիջոցների կողմից արտակարգ դրության ժամանակ արգելված հրապարակումների, հաղորդումների թողարկումը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով», ինչը գերազանցում է բազմաթիվ լրատվամիջոցների ամսական բյուջեն և կարող է դիտվել անհամաչափ և չափից խիստ պատասխանատվությանբ միջոց։

Արդյունքում Հայաստանի Հանրապետությունում և այլ երկրներում վարակման առկա դեպքերը, անձանց առողջական վիճակը, վարակի աղբյուրների և հետագա զարգացումը լուսաբանող զանգվածային լրատվության միջոցները կարող են հայտնվել անելանելի վիճակում։

Մի շարք լրատվամիջոցների, կազմակերպությունների, փորձագետների ու լրագրողների կողմից արդեն իսկ արտահայտվել են մտահոգություններ, որ Որոշման որոշ դրույթներ և դրանց հնարավոր մեկնաբանություններ զուրկ են կանխատեսելիությունից և որոշակիությունից ու, հետևաբար, կարող են իրավակիրառ մարմինների կողմից կիրառվել կամայականորեն՝ կոպտորեն խախտելով ինչպես ՀՀ սահմանադրության 42-րդ հոդվածով երաշխավորված կարծիքի արտահայտման ազատությունը, այնպես էլ սահմանադրական մի շարք այլ սկզբունքներ։

Խնդրում ենք պարզաբանումներ ներկայացնել ստորև ներկայացված հարցերի շուրջ։ 

  1. Բացի Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.3 հոդվածի 8-րդ կետով նախատեսված վարչական իրավախախտումից՝ արդյո՞ք ՀՀ օրենսդրությունը ԶԼՄ-ների համար նախատեսում է պատասխանատվության այլ տեսակներ կառավարության որոշման պահանջները խախտելու համար, և եթե այո, ապա որո՞նք են դրանք։
  2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.3 հոդվածի 8-րդ կետի իմաստով որո՞նք են համարվում «Զանգվածային լրատվամիջոցներ», և որո՞նք են դրանց որոշակիացնելու չափորոշիչները։ Արդյո՞ք սոցիալական ցանցերում սեփական մշտական էջեր, ալիքներ կամ այլ հարթակներ ունեցող ֆիզիկական ու իրավաբանական բոլոր անձինք համարվում են լրատվամիջոցներ, եթե ոչ, արդյո՞ք տպագիր և հեռարձակող մամուլի՝ համապատասխան էջերն ու ալիքները ևս դուրս են մնում նշված կարգավորումից։
  3. Եթե օրենքի իմաստով սոցիալական ցանցերում սեփական մշտական էջեր, ալիքներ կամ այլ հարթակներ ունեցող ֆիզիկական անձինք չենք համարվում լրատվամիջոցներ, արդյո՞ք ՀՀ օրենսդրությունը նախատեսում է որևէ պատասխանատվության նրանց կողմից տարածվող տեղեկատվությունը կառավարության որոշման պահանջներին հակասելու դեպքում։ Եթե նման պատասխանատվություն չի նախատեսում, արդյո՞ք ֆիզիկական անձանց և ԶԼՄ-ների համար չի՞ ստեղծվում անհավասար գործունեության դաշտ։
  4. «Ֆիզիկական և իրավաբանական անձինք» հասկացությունն արդյո՞ք ներառում է բացառապես ՀՀ ռեզիդենտներին և չի տարածվում այն լրատվամիջոցների կամ հրապարակային հարթակների վրա, որոնք գրանցված են ՀՀ սահմաններից դուրս, սակայն հեռարձակվում են կամ տարածվում են նաև ՀՀ տարածքում, այդ թվում՝ հայերեն լեզվով։ Եթե դա վերաբերում է միայն ՀՀ ռեզիդենտներին, արդյո՞ք ՀՀ սահմաններից դուրս ապրող, բայց պարբերաբար կերպով նման հաղորդումներ տարածող անձինք չեն հայտնում ավելի բարենպաստ իրավական վիճակում։
  5. Արդյո՞ք «ՀՀ տարածքներ» հասկացությունը ներառում է նաև Արցախի Հանրապետության տարածքը, եթե ոչ, ապա ինչպե՞ս են կանոնակարգվում ԼՂՀ-ից ստացված տեղեկությունների փոխանցման, հրապարակման հետ կապված հարաբերությունները։
  6. Որոշման կարգավորումների ներքո ո՞րն է «խուճապ» և «խուճապային տրամադրություն» հասկացությունների ծավալը, և որո՞նք են դրանց որոշման չափանիշները։ Արդյո՞ք «խուճապ» հասկացությունը որոշման իմաստով տարածվում է միայն արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների, այն է՝ նոր կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկություններին, թե ենթադրում է լրացուցիչ այլ հանգամանքներ (օրինակ՝ ռազմա-քաղաքական իրադրությունը Հայաստան-Ադրբեջան, Արցախ-Ադրբեջան, արտակարգ դրության ռեժիմի պահպանման հետ կապված միջոցառումների և խախտման դեպքերի բացահայտումը և այլն)։
  7. Արդյոք «պաշտոնական տեղեկատվությունը» բացառապես ՀՀ պետական պաշտոնատար անձանց կողմից հայտնած տեղեկություններն են, եթե այո, ապա որո՞նք են դրանց հաղորդման եղանակները։ Արդյո՞ք սոցիալական ցանցերի անձնական էջում հրապարակված տեղեկատվությունը կարող է համարվել պաշտոնական տեղեկատվություն, և ի՞նչ գործողություններ են նախատեսվում այն դեպքում, երբ այդօրինակ տեղեկատվությունը տարածվել է ԶԼՄ-ներով, սակայն պաշտոնատար անձը հեռացրել է այն իր անձնական տեղեկատվական տարածքից և տեղեկությունը պոստֆակտում գնահատվել է խուճապային իրադրություն առաջացնող։
  8. Արդյո՞ք Զանգվածային լրատվության միջոցը կարող է հրապարակել կամ տարածել օտարերկրյա պետությունների ու միջազգային կառույցների պաշտոնատար անձանց՝ վարակի վերաբերյալ հայտնած տեղեկությունները, թե՞ դրանց տարածումն արգելված է ՀՀ տարածքում։
  9. ՀՀ կառավարության 16.03.2020թ. 298-Ն որոշման իմաստով ո՞րն է «պետական պաշտոնատար անձ» հասկացության ծավալը։ Արդյո՞ք այն ներառում է ծառայողական որոշակի լիազորություններով օժտված սահմանափակ թվով անձանց, թե՞ տարածվում է պետական և տեղական ինքնակառավարման համակարգում պաշտոններ զբաղեցնող բոլոր անձանց վրա։ Նույն որոշման իմաստով արդյոք «պետական պաշտոնատար անձ» հասկացությունը ներառում է միջազգային կառույցներում և օտարերկրյա պետություններում, մասնավորապես՝ Արցախի Հանրապետությունում, պաշտոնավարող անձանց վրա։
  10. Ինչո՞վ պետք է առաջնորդվեն ԶԼՄ-ները և տեղեկատվություն տարածող այլ սուբյեկտները, եթե պետական պաշտոնատար անձանց հայտնած տեղեկություններում առկա է հակասություն, ակնհայտ չճշտված տեղեկություններ և ապատեղեկատվություն։
  11. Արդյո՞ք լրատվամիջոցների նկատմամբ սահմանափակումները վերաբերում են միայն հայերեն բովանդակությանը, թե՞ դրանք համաչափորեն տարածվում են նաև օտարալեզու տեղեկատվության վրա։ Սույն հարցի պարզաբանումը կարևոր է այնքանով, որ Հայաստանի բազմաթիվ ԶԼՄ-ներ տարիների ընթացքում լսարան են ձեռք բերել օտարերկրյա և օտարալեզու շուկաներում, և տեղեկատվական հոսքերի մեխանիկական ընդհատումը կհանգեցնի ձեռքբերումների կորստի։
  12. Որոշման 26-րդ կետը ամրագրում է, որ սահմանված խախտմամբ կատարված հաղորդումները ենթակա են անհապաղ վերացման, սակայն հայտնի չէ, թե ով է լիազորված այդ խախտումները հայտնաբերել և ի՞նչ կարգով ու եղանակով է խախտման հեղինակը ծանուցվում այն վերացնելու մասին։
  13. Ո՞ր դեպքերում է համապատասխան հաղորդման հեռացումը համարվելու «անհապաղ» և ի՞նչ չափանիշների հիման վրա։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված դիմումի մեջ բարձրացված հարցերի պատասխաններն մի կողմից անհրաժեշտ են արտակարգ դրության պայմաններում ԶԼՄ-ների գործունեությունը համապատասխանեցնել ՀՀ կառավարության որոշման պահանջներին, մյուս կողմից՝ ապահովել լրատվական դաշտի համար իրավական կանխատեսելիությունն ու որոշակիությունը, ինչպես նաև և իրենց սահմանադրական առաքելությունը կատարելու համար բավարար պայմաններ, խնդրում ենք հնարավորինս շուտ պատասխանել սույն դիմումի մեջ բարձրացված հարցերին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել