Սիրելի՛ հայրենակիցներ,

Հիմնվելով արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության որոշման վրա՝ «Հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումները և արգելքները» կետի դրույթները մարտի 17-ի ժամը 12։00-ից որոշել եմ տարածել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի վրա։ Սա վերաբերում է հանրային միջոցառումների կազմակերպման, անցկացման և դրանց մասնակցության արգելքին։

Այս որոշման իմաստով հանրային միջոցառումներ են 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հետևյալ միջոցառումները՝

- համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները և սպորտային, մշակութային, կրթական այլ միջոցառումները,

- ժամանցային միջոցառումները,

- տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ, բայց չսահմանափակվելով ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության), հոգեհանգստի և թաղման միջոցառումները։

Նշեմ, որ հոգեհանգստի և թաղման միջոցառումների դեպքում կփորձենք մասնակցության փոքր-ինչ ավելի լայն հնարավորություններ տալ՝ միաժամանակ հետևելով, որ մարդկանց կուտակումներ արարողության ժամանակ չլինեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել