Սիրիայի Իդլիբ նահանգում ծավալվող գործընթացների հետ կապված՝ Թուրքիան, Ռուսաստանից բացի, քաղաքական և քարոզչական հարթություններում ակտիվորեն թիրախավորում է նաև իրանական կողմին:

Սիրիական կառավարական ուժերի «հաջողությունները» Անկարան պայմանավորում է նաև Մոսկվայի և Թեհրանի առարկայական աջակցությամբ:

Եվ ահա, թուրքական պետական քարոզչամեքենան ակտիվ լուրեր է տարածում առ այն, որ պարբերաբար Սիրիայի Դեյր Զոր նահանգից սպանված իրանամետ զինյալներ են տեղափոխում Իրաք, այնտեղից էլ՝ Իրան: Օրինակ՝ անցած մոտ 1 շաբաթվա ընթացքում մոտ 140 դի է անցկացվել Իրաքի տարածք:

Թուրքական քարոզչամեքենան նաև նշում է, որ Իդլիբում սիրիական բանակի զինծառայողների անբավարարության խնդիրը Թեհրանը լուծում է Իրանից, Իրաքից Լիբանանից, Աֆղանստանից, Պակիստանից զինյալների հավաքագրմամբ, որոնք, իբրև ուխտավորներ, հատում են իրաքա-սիրիական սահմանը, ապա տեղափոխվում Իդլիբ՝ մասնակցելու ռազմական գործողություններին:

Հասկանալի պատճառներով թուրքական կողմը լռում է Իրանի կողմից նաև ադրբեջանցիների հավաքագրման մասին, որոնք ևս պարբերաբար օգտագործվում են իրանական հատուկ ծառայությունների կողմից նմանատիպ տարաբնույթ խնդիրներ լուծելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել