Սիրիայում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի անհասկանալի վարքագծի (զորքերը դուրս բերելու, ապա վերադարձնելու վերաբերյալ որոշումներ և ոչ միայն) հետ կապված մի ուշագրավ սցենար է շրջանառվում, որն առաջին հայացքից «դավադրությունների տեսությունից» է թվում:

Ըստ որոշ աղբյուրների՝ թուրքական հատուկ ծառայությունները որսացել են ԱՄՆ-ի նախագահի փեսա և ավագ խորհրդական Ջարեդ Քուշների և սաուդյան գահաժառանգ արքայազն Մուհամմադ բին Սալմանի հեռախոսային խոսակցությունը: Դրա ընթացքում իբր Քուշներն իր համաձայնությունն է տվել սաուդցի այլախոհ լրագրող Ջամալ Խաշոկջիի ձերբակալությանը. Խաշոկջին դաժանաբար սպանվել էր 2018 թ. հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում: Նրա սպանության գլխավոր պատվիրատու է համարվում սաուդյան գահաժառանգ արքայազնը:

Վերոնշյալի համատեքստում նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ-ի իր գործընկերոջն է ներկայացվել հեռախոսազանգի ձայնագրությունը, ապա շանտաժի միջոցով պահանջել նրանից դուրս բերել զորքերը Սիրիայի հյուսիս-արևելքից, որից հետո էլ հնարավոր է դարձել քրդերի դեմ ուղղված «Խաղաղության աղբյուր» ռազմագործողության նախաձեռնումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել