Քանի որ վարչապետը գնացել է Չինաստան, մի բան ասեմ։

Նկարում Չոնչին քաղաքն է (որտեղ ապրել եմ մեկ տարի), որը գտնվում է Չինաստանի կենտրոնական հատվածում։ Այն, եթե չեմ սխալվում, համարվում է Չինաստանի ամենաարագ զարգացող քաղաքը։ Չոնչինը զարգացել է վերջին մի տասը տարում, ու հետամնաց քաղաքից վերածվել մեգապոլիսի, որի տեմպերը տեսանելի են նույնիսկ օրվա կտրվածքով։ Տեղացիներն էլ ասում են, որ իրենց քաղաքն ավելի արագ է զարգացել, քան իրենք են հասցրել։

Երբ որ Չինաստանի կառավարությունը որոշեց զարգացնել այս քաղաքը (որը պետք է տնտեսական լոկոմոտիվի դեր ստանձներ կենտրոնական հատվածի համար, ինչպես նաև դառնար երկրի հարուստ արևելքը ոչ հարուստ արևմուտքին կապող օղակ), առաջին քայլերից մեկը, որ արեց, որակյալ կոմունիկացիոն ապահովումն էր՝ արագընթաց երկաթգիծ, հիանալի, շատ բարձր որակի ավտոճանապարհներ, օդուղի։ Հետագայում արդեն ինստիտուցիոնալ ու նյութական բազայի ապահովում, դե իսկ չինական գերթվայնացված տնտեսությունն էլ ավելի արագացրեց քաղաքի տնտեսության աճի տեմպերը։

Իսկ էն կոմունիկացիոն ենթակառուցվածքների պայմաններում, որոնք առկա են մեր երկրում, ավելի ճիշտ՝ դրանց բացակայությամբ, հնարավոր չէ լուրջ առաջընթաց ապահովել, հետևաբար, եթե մենք էլ ուզում ենք տեսանելի տնտեսական աճ, առավել ևս՝ հեղափոխական տեմպերով, ապա ամեն գնով պետք է կառուցել «Հյուսիս-հարավը», քանի ամեն ինչ կորած չէ, իսկ Չինաստանն էլ` դրանով հետաքրքրված: Բացի էդ էլ՝ այն ոչ միայն տնտեսական, այլև աշխարհաքաղաքական նշանակություն կունենա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել