Երեկ ԻԻՀ ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Նյու Յորք կատարած իր այցի ավարտին կատարել է մի հայտարարություն, որը հուշում է, որ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը մտնում է նոր փուլ, և մեր հարևանությամբ տեղի են ունենալու նոր զարգացումներ։

Զարիֆը Նյու Յորքում, ընդգծելով, որ Իրանի ժողովրդի հետ չի կարելի խոսել հրամայական տոնով, քանի որ դա որևէ արդյունք չի տալու, ընդգծել է, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու մի քանի ելքեր կան Իրանի համար, որոնցից մեկը կարող է լինել «Միջուկային զենքը չտարածման մասին պայմանագրից» Իրանի դուրս գալը։

Հայտարարությունը փաստացիորեն նշանակում է, որ Իրանը կարող է ամբողջությամբ դադարեցնել իր մասնակցությունը ՀԳՀԾ-ին, որը շարունակում էր դեռևս մնալ գործող, չնայած ԱՄՆ մոտ մեկ տարի առաջ հայտարարել էր դրանից իր դուրս գալու մասին։ Ավելին՝ Իրանն այս անգամ ակնարկում է միջուկային իր ծրագրերի մեկնարկի դեպքում ավելի հեռահար նպատակների հետապնդման մասին։

Իրանի արձագանքը ԱՄՆ պատժամիջոցների, մասնավորապես՝ դրա նոր փուլի նկատմամբ, որը մեկնարկելու է մայիսի 1-ին՝ ըստ Թրամփի հայտարարության, սկսում է դառնալ ավելի կոշտ, ավելի անզիջում, և սա, ամենայն հավանականությամբ, էլ ավելի է մեծացնելու եվրոպական երկրների և ԱՄՆ միջև տարաձայնություններն Իրանի հանդեպ դիրքորոշումներում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել