Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի ձևակերպմամբ՝ փոխնախարարներ Արթուր Հովհաննիսյանը և Սուրեն Քրմոյանը աշխատանքից ազատվեցին քաղաքական որոշման արդյունքում։ Ըստ նախարարի՝ նրանց աշխատանքից գոհ և բավարարված են, և վերջիններս բարձր մասնագիտացում ունեն, բայց կառավարության քաղաքական որոշման արդյունքում նրանք ազատվեցին։

Միանգամից մի քանի հարց է առաջանում. այդ քանի՞ բարձր պրոֆեսիոնալ ունեք, որ եղածներին էլ ազատում եք,
ձեր քաղաքական որոշումների տրամաբանությունն ինչո՞վ է տարբերվում ՀՀՇ-ի և ՀՀԿ-ի որոշումներից, 
իսկ նախարար Զեյնալյանը որտե՞ղ էր որոշման ժամանակ, իր նախորդներն իրենց որակյալ տեղակալների համար կռիվ կտային: Նման վարքագիծը կլիներ իսկական քաղաքական որոշում, իսկական քաղաքացու օր։

Փաստորեն, քաղաքական որոշումների փիլիսոփայության մեջ բան չի փոխվել. նախարարից մինչև պահակ պետք է կուսակցական լինեն կամ գոնե կուսակցության «համակիրներ» կամ գոնե ինչ-որ մեկի «գանձը»։

Ես գիտեմ, որ շատերը կփորձեն հիմնավորել, որ քաղաքական պաշտոնների վերաբերյալ քաղաքական որոշումներ են ընդունվում: Բայց կադրային ռեսուրսների առանց այդ էլ սղության պայմաններում բարձր մասնագիտացում ունեցող մասնագետներից ազատվելը մեծագույն սխալ է. այսօրվա ԱԺ որակը դաս չէ՞, «Իմ քայլի» նորանշանակ պաշտոնյաները դաս չե՞ն։

Միակուսակցական այս ճահիճն ի վիճակի է խժռելու ցանկացած լավ գաղափար ու լավ անհատի։ Ներկա իշխանության ղեկավարները նախկիններին քննադատում ու մեղադրում էին նաև այս հարցում։
Ի՞նչ եք ուզում պրոֆեսինալներից. ՔՊ-ացո՞ւմ։
Ի՞նչ եք ուզում ոչ կուսակցական գործիչների՞ց. ՔՊ-ացո՞ւմ։
Ի՞նչ եք ուզում երկրում առանց այն էլ սակավ պրոգրեսիվ մարդկանցից և շրջանակներից. ՔՊ-ացո՞ւմ, ձեր անփոխարինելիության ընդունո՞ւմ։

Ակնհայտ է, որ սա բերելու է լուրջ խնդիրների։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել