Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կինը՝ նախկին դերասանուհի Մեգան Մարքլը, որն ամուսնությունից հետո կրում է Սասեքսի դքսուհու տիտղոսը, պարբերաբար փորձել է կապ հաստատել հոր հետ և անգամ նամակ է գրել նրան: Այս մասին People պարբերականին պատմել են Մեգանի 5 ընկերուհիները, որոնց անունները չեն բացահայտվում:

37-ամյա դքսուհու մտերիմները նշել են, որ նա երբեք էլ չի շփվել խորթ եղբոր ու քրոջ հետ: Մեգանի ծնվելու ժամանակ նրանք արդեն դեռահասներ էին, այնուհետև ապագա դքսուհու մայրն ամուսնալուծվել է նրա հորից, երբ աղջիկն ընդամենը 2 տարեկան էր:

«Աղջիկը մեծացել է մոր հետ, և եթե տեսնվել է Սամանթայի և Թոմասի հետ, ապա շատ հազվադեպ, այնպես որ, նրանց պնդումները, թե նա մոռացել է նրանց հարաբերությունների մասին արքայազն Հարիի հետ հանդիպել սկսելուց հետո, իրենց վրա ուշադրություն գրավելու փորձ են ուղղակի»,- նշել են Մեգանի ընկերները:

Նրանք նաև ընդգծել են, որ արքայազնի կնոջ հայրն այդ ամբողջ ընթացքում ոչ մի անգամ չի զանգահարել նրան, թեև Մեգանի հեռախոսահամարը չի փոխվել:

«Նա չի զանգում, չի գրում: Մեգանի համար երևի շատ ցավոտ է, չէ՞ որ նա միշտ լսող դուստր է եղել»,- նշել են դքսուհու մտերիմները:

Հիշեցնենք, որ Մեգան Մարքլի հայրը պարբերաբար հայտարարում էր, որ հենց աղջիկն է խուսափում իր հետ հանդիպումներից և չի ցանկանում խոսել իր հետ:

Դքսուհու ընկերները նաև նշել են, որ չնայած հայրը որոշել էր չմասնակցել դստեր հարսանիքին, Մեգանն ու արքայազն Հարին հրավիրել են հորը, ավելին՝ անգամ հատուկ մեքենա են ուղարկել նրա համար: Իսկ երբ պարզվել է, որ հայրը սրտի կաթված է ստացել, Հարին և Մեգանն ամբողջ երեկո զանգահարել են նրան:

Հարսանիքից հետո Մեգանը նամակ է գրել հորը:

«Հայրիկ, իմ սիրտը կոտրված է: Ես սիրում եմ քեզ: Ես միայն մեկ հայր ունեմ»,- գրել է դքսուհին՝ խնդրելով վերականգնել հարաբերությունները և հեռու մնալ լրատվամիջոցներում իրենց ընտանեկան խնդիրները քննարկման առարկա դարձնելուց:

Ի պատասխան դքսուհու՝ հայրը պահանջել է նրա հետ համատեղ լուսանկարահանում, սակայն Մեգանը կրկին խնդրել է չխառնել լրատվամիջոցներին իրենց շփմանը, բայց հայրը չի լսել նրան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել