Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և նրա կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, օրերս հարավարևմտյան Անգլիայի Բրիսթոլ քաղաք կատարած շրջագայության ժամանակ անակնկալ այց են կատարել One25 բարեգործական կազմակերպություն, որն օգնում է մարմնավաճառ կանանց ետ կանգնել սխալ ճանապարհից: Այս մասին հաղորդում է CNN-ը:

Դքսուհին մարմնավաճառների համար ուտելիքի ծանրոցներ է պատրաստել: Անսպասելի կերպով նա հարցրել է աշխատակիցներին՝ արդյոք նրանց մոտ գրիչ կա, և որոշել է բանանների վրա գրություններ թողնել:

«Ես լսել էի, որ նմանատիպ ծրագիր էին իրականացրել Միացյալ Նահանգների դպրոցներից մեկում: Գրություններն ուղղված էին դպրոցի երեխաներին, որպեսզի նրանք իրենց ինքնավստահ ու ուժեղ զգան»,- պատմել է Մեգանը կազմակերպության աշխատողներին:

Հրապարակված լուսանկարներում երևում են բանանների վրա արված «դու ուժեղ ես», «դու քաջ ես», «դու յուրահատուկ ես», «դու սիրված ես» և այլ տիպի գրություններ:

Ավելի ուշ կազմակերպության անդամները թվիթերյան գրառման միջոցով շնորհակալություն էին հայտնել թագավորական զույգի այցելության համար: «Ինչպիսի պատիվ էր ձեզ ընդունելը: Այն մեր դեպքին ժպիտ բերեց»,- ասված է գրառման մեջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել