Ընկերներ ջան,

Հիմա, երբ ֆրաու Մերկելը բարով-խերով, անփորձանք (և ոմանց կարծիքով նաև անհետևանք) եկավ-գնաց, կարելի է նորից անդրադառնալ իրական քաղաքական օրակարգի ընթացիկ, բայց կարևոր հարցերին։

Եթե հիշում եք, պատմական հանրահավաքի ընդգծված հիասթափություններից մեկը շատերիս համար հարթակի կազմն էր։ Թեև հանրահավաքը ֆորմալ իմաստով նվիրված էր կառավարության 100 օրվան, հարթակին ներկա էր ոչ թե կառավարությունը, այլ ՔՊ ակտիվը՝ ներառյալ կառավարության հետ անմիջական կապ չունեցող մի շարք դեմքեր։ Այս կազմը և Նիկոլի Փաշինյանի ելույթում հնչած մի շարք «զարմանալի» մտքեր հիմա իրավացի հարց են բարձրացնում՝ ո՞ւմ է այսօր ներկայացնում Նիկոլը։ Նա ամբողջ երկրի վարչապետն ու ղեկավա՞րն է, թե՞ սեփական կուսակցության և նրան հարող արմատական հեղափոխական զանգվածների (թեկուզ և դեռևս ստվարաթիվ) առաջնորդը։ Այս հարցն առանցքային է, քանի որ դրանից են կախված բազմաթիվ հետագա զարգացումներ, մասնավորապես՝ կարո՞ղ է արդյոք Նիկոլն իր շուրջը կոնսոլիդացնել բոլոր ազգային և առաջադիմական ուժերին Ազգային ժողովի սպասվելիք ընտրություններից առաջ, թե՞ հեղափոխական ճամբարում աստիճանաբար տեղի կունենա շերտավորում արմատական և չափավոր ուժերի միջև, և Նիկոլը կմնա միայն արմատական թևի ղեկավար։ Սասնա ծռերի վերջին քաղաքական հայտն առավել ակտուալ է դարձնում այս հարցը՝ դեռ դատավարության մեջ գտնվող այս արմատական խումբն իր գործողություններով ևս լուրջ երկընտրանքի առաջ է կանգնեցնում Նիկոլին՝ ստիպելով նրան ընտրություն կատարել դեպի ձախ կամ դեպի քաղաքական կենտրոն հետագա վեկտորների միջև։

Այս ընտրությանը մի քանի կարևոր թեստ կա, մասնավորապես՝ մնալ առկա սահմանադրական կարգավորման շրջանակում արդարադատությունն իրականացնելիս, թե փորձել բավական ռիսկային քաղաքական էքսպերիմենտ իրականացնել՝ գնալով «Անցումային արդարադատության» անփորձ ու անկանխատեսելի ճանապարհով։ Կամ էլ փորձել փողոցը նորից մոբիլիզացնել Ազգային ժողովի դեմ, թե փորձել նրա հետ համագործակցել, մասնավորապես՝ Ընտրական և Հարկային օրենսգրքերում վաղուց սպասված փոփոխությունները փոխհամաձայնության մթնոլորտում իրագործելու համար։ Եվ կամ էլ մեղմացնել հակակայսերական հռետորաբանությունը և աստիճանաբար նորմալացնել հարաբերությունները ՌԴ ղեկավարության հետ, և կամ շարունակել գրգռել նրան իրական քաղաքական բովանդակությունից զուրկ, բայց բարձր հանրային հնչեղության տարբեր խայթոցներով։

Առաջիկա մի քանի շաբաթներին այս ընտրությունն ունի նաև մեկ շատ պրակտիկ քաղաքական թեստ։ Չորս շաբաթից տեղի են ունենալու Երևանի քաղաքապետի և ավագանու ընտրությունները, ոչ պաշտոնական ընտրապայքարը փաստացի արդեն սկսվել է։ Նախկին իշխանություններն իրենց հատուկ ոճով բացարձակ մեծամասնություն էին ապահովում քաղաքապետի սեփական թեկնածուի համար՝ երբեք չմտածելով, որ բացարձակ իշխանությունն է, որ բերում է բացարձակ այլասերման և ի վերջո չի փրկում կոյուղու ջրերից։ Երբ Նիկոլը վարչապետ էր դառնում, նա իր ելույթում հիմնավորեց սեփական հայտն առաջին հերթին Հայաստանում ազատ ընտրություններ կազմակերպելու իր երաշխավորությամբ, այսինքն՝ խոստացավ լինել այդ ընտրությունների անկողմնակալ և արդար արբիտրը։ Սակայն նույն Նիկոլը, հանրահավաքին իր բացարձակ աջակցությունը հայտնելով մեկ թեկնածուի (անկախ իր արժանիքներից և թերություններից), կարծես հիմա փորձում է իր նախորդների ճանապարհով գնալ և իր կուտակած հսկայական քաղաքական կապիտալով առաջ մղել սեփական թեկնածուին՝ հիմքը դնելով նախորդների արատավոր պրակտիկայի կրկնման և արդյունքում՝ հերթական բացարձակ այլասերման։ Այլընտրանքը Նիկոլի համար իր խոստմանը հավատարիմ մնալն է, վեր կանգնելն ու չմիջամտելն է այս ընտրապայքարին՝ հնարավորություն տալով, որ տեղի ունենան մրցակցային և ժողովրդավարական ընտրություններ, թեկնածուների, թիմերի և ծրագրերի բախում, և Երևանի ընտրողն էլ վերջապես հնարավորություն ունենա իր խելքին և շահերին համապատասխան իր համայնքային իշխանությունը ձևավորելու։ Առավել ևս, որ քաղաքապետարանի ընտրություններում «հակահեղափոխական» ռևանշի վտանգը նվազագույն է, ընտրություններին մասնակցում են բազմաթիվ ուժեր, որոնք ակտիվորեն մասնակցել կամ առնվազն աջակցել են հեղափոխությանը։

Հեղափոխությունը Հայաստանում տեղի ունեցավ ժողովրդավարության ակնկալիքով, սակայն շատ արագ ցույց տվեց, որ մեր իրականության պայմաններում այն կարող է վերածվել ավտորիտարիզմի շղարշված նոր տեսակի։ Երևանի քաղաքապետարանի ընտրությունների համատեքստում Նիկոլը հնարավորություն ունի դրսևորվելու որպես լայնախոհ առաջնորդ, բոլորիս ընտրության իրավունքի երաշխավոր և կամ էլ գերի մնալ սեփական քաղաքական թիմի հատվածական շահերին՝ շարունակելով իր ավտորիտար գործելաոճով օտարացնել քաղաքական սպեկտրի հնարավոր դաշնակիցներին և թուլացնելով սեփական քաղաքական լեգիտիմությունը և հենարանը Ազգային ժողովի վճռական ընտրություններից առաջ։ Թեև որոշ դեպքերում (բլոտ խաղացողները կհասկանան դա) ձեռնտու է պահի տակ լինել հեշտ գայթակղվող սրտերի ասպետ, ի վերջո ավելի լավ է կառավարել որպես իմաստուն և լայնախոհ իշխան, մանավանդ երբ քաղաքական խաղաքարտերը մի օր այլ կերպ կարող են բաշխվել, և բոլորը հաղթաթղթերը այլևս յուր ձեռքում չեն լինի։ Երևանի քաղաքապետարանի ընտրությունները դա ցույց կտան, մինչ այդ բոլորիդ ցանկանում եմ անպարտադրանք, հետաքրքիր ու հավեսով ընտրապայքար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել