Երբ բոլշևիկները հաստատվեցին Հայաստանում, ես աննշան գրող էի, հենց որ մեծացա, դարձա «հայ ազգի մեծագույն հայ երգիծաբանը», ինձ բռնեցին, տարան, գցեցին Չեկայի մութ ու խոնավ նկուղը, դուռը վրաս փակեցին, ու ես լսում էի, թե չեկիստները հավաքված իմ վերևի հարկում խորհուրդ էին անում իրար մեջ, թե ինչ անեն ինձ՝ սպանե՞ն, թե՞ աքսորեն Սիբիր։
Իմ բախտով ես շատ նման եմ իսպանացի երգիծաբան Սերվանտեսին։ Նրան էլ Մարոկկոյի արաբները բռնեցին, տարան գերի և ուզում էին փրկանքով ազատել կամ սպանել։
Սերվանտեսին ես նման եմ նաև նրանով, որ նա Դոն Քիշոտ է գրել, իսկ ես՝ Դոն Լենին։ Երկուսն էլ իրենց սուր նիզակներով մարդկությանը երջանկություն բերող․․․
Ես այն էի Հայաստանում, ինչ Սերվանտեսն Իսպանիայում։
Հա, ուրեմն, ինձ ձգեցին Չեկայի պադվալը և խորհրդակցում էին, թե ինչպես սպանեն։
Երբ նրանցից մեկն ասաց՝ եկեք սպանենք, մյուսը ասաց՝ չէ․ ասաց՝ որովհետև ոչ մի հանցանք չի գործել մեր դեմ, հետևաբար շատ է անմեղ, մենք չենք կարող մի անգամ սպանել, պետք է քառասունհինգ անգամ սպանենք որպես բոլորովին անմեղի։
- Ինչպե՞ս,- հարցրեց մեկը։
- Քսան տարով կուղարկենք Սիբիր, քսան անգամ այնտեղ կսպանենք, մնացյալն էլ այստեղ։
Ինչպես վճռեցին, այնպես էլ արին․․․

Լեռ Կամսար, 1964թ․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել