Картинки по запросу կարեն կարապետյանՀՀԿ-ին անդամակցելու վարչապետի որոշումը, կարծում եմ, ճիշտ որոշում չէ կամ ներկա պահին հապճեպ է, ինչն այդ որոշումը հակասության մեջ է դնում ողջամտության հետ: Դեռևս նորմալ բարեփոխումներ չարած, որոնք տեսանելի կլինեին հանրության կողմից, վարչապետը որոշում է անդամակցել ցածր վստահություն ունեցող քաղաքական ուժին՝ դրանով կտրելով այն հույսերը, որոնք ինչ-որ չափով առաջացել էին նրա՝ քաղաքական դաշտ մուտք գործելուց հետո, և դա ունի ռիսկեր, ինչու՞.

1. Ներկայում ՀՀԿ-ն հանրության շրջանում չունի բավարար հեղինակություն, եթե փորձենք խիստ չափավոր գնահատական տալ, ուստի նրան անդամակցելն ուղղակիորեն կհարվածի անդամակցողի հեղինակությանը:

2. Իր քայլը բացատրելով քաղաքական հենարան ունենալու անհրաժեշտությամբ՝ վարչապետը բաց է թողնում այս պահի համար շատ ավելի կարևոր հենարանը՝ հանրայինը՝ վերը նշված պատճառով: Ունենալով որոշակի համակրանք հասարակության որոշ շերտերի ու խմբերի մոտ՝ նա կսկսի զրկվել դրանից:

3. Թերևս ամենակարևորը. քանի որ ՀՀԿ-ն ունի վստահության լուրջ դեֆիցիտ՝ մինչ այժմ պետության զարգացման քաղաքականության իրականացման մեջ բավարար պատասխանատվություն չցուցաբերելու պատճառով, ապա ՀՀԿ-ական դարձող գործիչն ինքնաբերաբար նույնացվելու է անպատասխանատու գործչի կերպարի հետ՝ զրկվելով վստահությունից:

Ռեֆորմների արդյունավետության համար իշխող էլիտան պետք է ունենա բավարար հանրային աջակցություն, այլապես նա կզրկվի ազգային միասնության, հանրային կոնսենսուսի կարևորագույն ռեսուրսից, ավելին՝ կսկսի կրկին խորանալ կոնֆլիկտային միջավայրը հասարակություն-պետություն հարաբերություններում, և էլիտայի յուրաքանչյուր քայլ կգնահատվի այդ տիրույթում ու չի ստանա անհրաժեշտ հասարակական կողմնորոշումը դեպի իշխանության քաղաքական կուրսը:

Ավելորդ է նշել, թե այդ կողմնորոշումը, նույնն է թե՝ լեգիտիմությունը, որքան կարևոր է համակարգային ճգնաժամերից խուսափելու համար, հատկապես, որ առկա համակարգը դարձել է մեր երկրի զարգացման արգելակը որը, վաղ թե ուշ ճգնաժամերի ու անկայունության առաջ է կանգնելու, եթե ժամ առաջ խորքային ու որակական փոփոխություններ չլինեն: Իսկ կառուցվածքային ու ֆունկցիոնալ առումով դեֆորմացված այդ համակարգն ի վիճակի չի լինելու կարգավորել այդ ամենը: Համենայնդեպս, քաղաքագիտությանը լավ հայտնի է, թե ինչ է լինում նման դեպքերում, որի վերաբերյալ խոշորագույն շատ քաղաքագետներ բազմաթիվ աշխատություններ ունեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել