Իշխանությունը փորձում է ընտրություններին մասնակցած ընդդիմադիր ուժերին վերագրել այնպիսի հանցանքներ, որոնց ֆոնին հենց իր արածը կստվերվի կամ երկրորդ պլան կմղվի, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ խոսելով այն գործերի մասին, որոնք այսօր հարուցվում են ընդդիմադիրների նկատմամբ։
Նա նշել է, որ ինչպես իշխանության աջակիցները, այնպես էլ նրա եվրոպացի հովանավորներն իրականում շատ լավ հասկանում են՝ ինչ է կատարվել ու կատարվում Հայաստանում, ինչպես են նախընտրական շրջանում և ընտրությունների ժամանակ վարչական ու պետական ռեսուրսներն օգտագործվել, ինչպես են ընդդիմության առանցքային դեմքերին ճնշել ու ճնշում, սակայն առայժմ լռում են՝ սեփական շահերից ելնելով։
«Մի բան է, թե ինչ է իրականում տեղի ունեցել, մեկ այլ բան, թե արտաքին դերակատարներին ինչ է այսօր Հայաստանում անհրաժեշտ։ Նրանց պետք է, որ իրենց հովանավորյալը հնարավորինս երկար մնա իշխանության, ինչով էլ նրանք իրենց աշխարհաքաղաքական խնդիրներն են լուծում, դիմակայություն ապահովում այլ գերտերությունների, մասնավորապես՝ Ռուսաստանի հետ, և Նիկոլ Փաշինյանի բոլոր մեղքերը՝ կապված ժողովրդավարության, մարդու իրավունքների, ընտրական իրավունքների ոտնահարման հետ, ժամանակավորապես «ներվում են»,- ասել է Աբրահամյանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



