Վերջին երկու՝ նախագահական ու Երևանի ավագանու ընտրություններում հանրապետականի <<ջախջախիչ>> հաղթանակի, մյուս կողմից ընդդիմության չմիավորվելու` իսկ ավելի շուտ քաղաքական ամուլ սպեկուլյացիաների, ինքնաոչնչացնող ու շարունակական գզվռտուքների արդյունքում կանխատեսելի ու սպասելի էր հանրային հուսահատության ու հոռետեսության ալիքը։ Արտագաղթհի ձնագունդը հիմնականում սնվում է հենց այս հուսահատությունից, արժեքների համատերած ոչնչացումից, լեգենդների փոշիացմից, <<ինչ անել>> հարցին պատասխաններ ու միջոցներ գտնելու նվաստացնող անկարողությունից, և անշուշտ՝ քաղաքական կամքի բացակայությունից։ 
Բայց քաղաքական մեծամասնության <<ջախջախիչ>> հաղթանակը դեռ խնդիրների լուծում չէ, ոչ էլ` խաղաղ ու երջանիկ հասարակության գրավական։ Հայաստանը նմանվել է արագ արձագանքման կարոտ մի պոլիգոնի, ուր ամեն օրը լի է քաղաքական, տնտեսական ու բարոյական անակնկալներով, շոկերով ու թեժ կետերով։ Իսկ անակնկալներն, արդեն հաստատված ավանդույթի համաձայն գիշերային են և հեշտորեն տեղավորվում են <<մածունը սև է>> կամ <<ձեր փոխարեն որոշել ենք>> անխմբագրելի համոզումի մեջ։ 
Քաղաքացիական հասարակության փոքրիկ օազիսները, որոնց ոչ անհայտ ուղղորդումով <<գրանտակեր>> (կարծեմ արդեն անջնջելի) պիտակն են կպցրել, ավելի շուտ շրջիկ հրշեջների են նման, որոնք փորձում են մեկ մշակութային ժառանգություն պաշտպանել, մեկ պայքարել տրանսպորտի չհիմնավորված թանկացման դեմ, մեկ հայրենի բնությունը պաշտպանել օլիգարխների թալանից, մեկ Սահմանադրություն պաշտպանել, մեկ..., մեկ ... Ու հասարակական հանդուրժողության, հուսահատության ու պետության ինքնահոսի ներկա մակարդակում այս փոքրիկ խմբերը նմանվում են պտտանիվի մեջ հայտնված սկյուռի, որն ինքն իրեն գերազանցել չի կարող, իսկ առջևում նույն ու միևնույն պատն է։
Իսկ մինչ այդ Ազատության հրապարակում ազատամարտիկները տևականորեն շարունակում են արժանապատվություն պահանջել ու ազատ ապրելու իրավունք, այդ նույն հրապարակում 50-60 հոգու ներկայությամբ ընդդիմադիրները դեռ շարունակում են միտինգ անել ու էլի ազատություն ու իրավունք պահանջել, այդ նույն հրապարակում մի բուռ հայ ժողովուրդ տոնի զգացողությունը կորցրած հայ ժողովրդի մնացած՝ հիմնական հատվածին Արցախի անկախության արժեքն է համոզում ու դարձյալ ու էլի խոսում ազատությունից ու իրավունքից։ Այնինչ, մեծամասնության համար ազատության հրապարակն այլևս դեպի համազգային ճեմուղի՝ Հյուսիսային պողոտա տանող կարճ ճանապարհ է, երեխաների համար հեծանվահրապարակ, անբանների համար չրթելու տարածք, տարեցների համար՝ լավ ժամանակների մասին հուշ, ճարպիկների համար շրջիկ կրկեսի հարթակ, ուր կարելի է վատուտ ու տիր տեղադրել։ Եվ այդ նույն Ազատության հրապարակից արձագանքող, արդեն 22 և ավելի տարիներ հնչող քաղաքական մեղեդին այլևս նյարդայնացնող է, չսպասված և միայն մեր հուսահատությունը, անկարողությունն ու ինքնամաշումն է սնում... և ուրիշ ոչինչ։
Իսկ Հայաստանն իրականում շիջելի փոքրիկ բռնկում- հրդեհների աշխարհագրություն չէ և կոսմետիկ լուծումներով անկարելի է կասեցնել վայրէջքներն ու մայրամուտները։ 
Ահա այս համապատկերին (Մաքսային միության մասին այլ առիթով) զանգվածային լրատվամիջոցներում ու քաղաքական միջավայրում շրջանառվում է Սահմանադրական հնարավոր փոփոխությունների և վերջինիս ուղղված հանրաքվեի խնդիրը։ Բնականաբար, բովանդակային կամ ձևաչափային հարցերի շուրջ տեսակետ արտահայտելն անլուրջ պիտի լինի այս պահին։ Բայց խնդիրն այս հանգրվանում բոլորովին այլ է։ Իշխող կուսակցության համար Սահմանադրությամբ սահմանափակված մի փուլ է ավարտվում, և հականալի է, որ, հաջորդ շրջանի, կամ ավելի ճիշտ՝ իշխանությունը պահելու սցենարներ են մշակվում, ուրվագծվում։ 
Մեր իրականության մեջ բոլոր <<բարեփոխումներն>> ըստ էության կատարվել են ոչ թե ներքևի՝ հանրային պահանջի թելադրանքով կամ ազգային-պետության շահի գիտակցումով, այլ օրվա իշխանության ու նրա <<էլիտայի>> գրգիռներով։ Մեր պարագայում, երկրի կառավարման մոդելը նախագահական կլինի, թե՝ խորհրդարանական, մեծ հաշվով էական չէ։ Էականը երկրի քաղաքական մշակույթի որակներն են, քաղաքական ավանդույթները, հասարակության իրավական ու քաղաքացիական գիտակցության մակարդակը։ Մենք հաճախ գիտակցաբար կամ՝ ոչ, համարձակություն չունենք իրերն իրենց անունով կոչելու, բովանդակային ու արմատական լուծումներ գտնելու, և մեզ համոզում ենք կամ հասարակությանը ներշնչում, ապակողմնորոշում, թե ձևաչափի փոփոխությունները կարող են էական լինել։ Եթե ընտրակեղծիքներն արդեն այնքան են կատարելագործվել, իրենց անբարոյականության ու հակապետականության մեջ այնքան <<լեգիտիմ>> դարձել, ինչ տարբերություն՝ երկիրը Սահմանադրությամբ նախագահական է, կիսանախագահական, թե՝ պառլամենտական։ Հայտնվել ենք մի ընթացքում, որի արժեքային համակարգն ու նրա վերնախավի (էլիտայի) մոտիվացիաները ժամանակակից, մրցունակ պետության հետ նվազագույն առնչություններ ունեն։ 
Արդյոք սահմանադրական փոփոխություններն ու պառլամենտական կառավարման համակարգին անցումը խորքային, բովանդակային փոփոխություններ կապեհովեն, ժամանակը ցույց կտա։ Սակայն մի բան անվերապահորեն հստակ է՝ Երկրի ընթացքը փոխող քաղաքական կամք է պետք, խորը քաղաքական, մշակութային ու հասարակական բովանդակությամբ, որն հնարավոր է միայն համազգային ներուժի համախմբումով։ Կարծում եմ այս է ներկա պահի հանրային պահանջը։
Հ. Գ.

Մեր անորոշ ու անստույգ ընթացքն արձանագրելուց կարելի է շնչահեղձ լինել, գուցեև ճամպրուկ հավաքելու մասին մտածել, եթե չլինի մեր մյուս՝ փոքր, բայց ընտիր, փոքր` բայց արժանապատիվ, փոքր` բայց ապրեցող, փոքր՝ բայց իմաստուն, փոքր՝ բայց հավերժական տեսակը։ Օրերս հաջորդաբար Արամ Խաչատրյանի փառատոնին ելույթ ունեցան երկու հայ տաղանդներ, երկու համեստ ու մեծ հայ՝ թավջութակահար Նարեկ Հախնազարյանն ու ջութակահար Սերգեյ Խաչատրյանը։ Նաև Տիգրան Համասյանին լսելու առիթն ունեցա։ Վստահ եմ, որ ինձ պես հարյուրներ ներքին խոստումի ու ուխտի ծես ապրեցին՝ 
ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ԵՄ ԻՄ ԵՐԿԻՐԸ
24. 09. 2013

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել