Երևանի ավագանին իր այսօրվա՝ ապրիլի 16-ի նիստում քննարկում է «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի կողմից նվիրաբերված անշարժ գույքն ընդունելու հարցը։

Նախագծով նախատեսվում է որպես նվիրաբերություն ընդունել «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի սեփականությունը հանդիսացող Անտառային փողոցի հ.1 (0.04հա հողամաս), Անտառային փողոցի հ.1ա (0.1953հա հողամաս), Անտառային փողոցի հ.13 (0.0313հա հողամաս), Անտառային փողոցի հ.139 (0.1հա հողամաս), Սարմենի փողոցի հ.19 (0.0563հա հողամաս), Ջրաշատ փողոցի հ.27 (0.0420հա հողամաս, 164.6քմ շինություն) և Սարմենի փողոցի հ.29 (0.0456հա հողամաս) հասցեներում գտնվող անշարժ գույքերը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Վահան Խաչատրյանը։

Նա նշեց, որ նվիրաբերվող տարածքներն ընդհանուր կազմում է 5105 քմ, և որ «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի տնօրենը Երևանի քաղաքապետին հասցեագրված նամակում հայտնել է հիմնադրամի պատրաստակամությունը այդ գույքերը նվիրաբերել Երևանին,՝ պայմանով որ նշված անշարժ գույքերի վրա կառուցապատում չարվի։

Վահան Խաչատրյանը հայտնեց, որ մինչ այդ «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամը 11.3 հա չկառուցապատված տարածք էր նվիրաբերել մայրաքաղաքին՝ Կասկադի աստիճանները վերջնական տեսքի բերելու համար  և նոր նվիրաբերված տարածքները կառուցվելիք աստիճանների վերջին հատվածի հարակից տարածքներն են։

Նա նաև վստահեցրեց, որ նվիրաբերված հողերը կօգտագործվեն բարեկարգման նպատակով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել