«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ռուսական ալիքների հեռարձակման հետ կապված թեման, կարծես, ուշագրավ շարունակություն է ստանում։ Ինչպես հայտնի է, օրեր առաջ արգելվել էր Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը, որից հետո աշխատանքից ազատվել էր «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ տնօրեն Մուշեղ Միլիտոնյանը։

«Փաստ» թերթի ունեցած տեղեկություններով, ի պատասխան նշյալ հաղորդման «անջատման» պահանջի, Միլիտոնյանը ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանին ասել է, որ տեխնիկապես հնարավոր չէ դա անել, սակայն պարզվել է, որ նման հնարավորություն կա, և Միլիտոնյանին պարտադրել են հրաժարականի դիմում գրել։ Ավելին, տեղեկություններ կան, որ կապի օպերատորների հետ աշխատանքներ են տարվում, որ տվյալ հաղորդաշարը հեռարձակող հեռուստաընկերությունը նրանց հեռուստացանցում առայժմ ցուցադրվի միայն թվային մուլտիպլեքսի բլոկում, որտեղ նշված հաղորդումներն արգելափակված են: Բանն այն է, որ վերոնշյալ որոշումը չի կարող տարածվել հեռարձակող օպերատորների վրա։ Սրանով, սակայն, իշխանությունները չեն սահմանափակվելու:

Թերթի տեղեկություններով, առաջիկա 1-2 ամսվա ընթացքում վերջնականապես որոշվելու է հանրային մուլտիպլեքսում ռուսական երկու ալիքի հեռարձակումը դադարեցնելու հարցը, որի հետ կապված հիմա համապատասխան փաստաթղթերն են պատրաստում, այդ թվում՝ օրենսդրական փոփոխություններ։ Ինչպես փոխանցում է թերթի աղբյուրը, իշխանությունները ներկայում քննարկում են՝ կա՞ն, արդյոք, հնարավորություններ, որպեսզի ընդհանրապես ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը արգելվի նաև օպերատորների ցանցում: Սա, սակայն, չափազանց խնդրահարույց է, քանի որ այն կլինի ՀՀ քաղաքացիների՝ այլընտրանքային տեղեկատվություն ստանալու իրավունքի շատ լուրջ խախտում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/644f7842c49bc8ffc61bcb77d6400912

© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել