Հ1-ի տաղավարում օրերս հյուրընկալված Կոնջորյան Հայկոն, ի պատասխան ուղիղ ձևակերպված հարցին՝ Հայաստանն Արևմուտքում ունի՞ իրեն անվտանգային երաշխիքներ տվող բարեկամ երկիր, այդպես էլ չի կարողացել հիմնավորել իրենց այն թեզը, թե իրենք հենց հիմա զբաղվում են անվտանգության դիվերսիֆիկացիայով: Նա, ըստ էության, խոստովանել է, որ իրենց ջանքերը՝ Արևմուտքից կամ առանձին վերցրած արևմտյան որևիցե երկրից ստանալու անվտանգային երաշխիքներ, ձախողվել են, իսկ առավելագույնը, ինչին իրենք ընդունակ են, Ֆրանսիայից զենք բերելն է և ոչինչ ավելին:

Նիկոլի՝ Ֆրանսիա կատարած վերջին այցը չափազանց մեծ շուքով անցավ: Ստեղծվել էր տպավորություն, թե Մակրոնը համաձայնել է Հայաստանին տալ անվտանգային երաշխիքներ, դառնալ այն իրական այլընտրանքը, որին Հայաստանը կարող է ապավինել ռոսներին «խռիկ տալուց» հետո: Մինչդեռ, փաստորեն, Կոնջորյան Հայկոյի հարցազրույցից պարզվում է, որ այն, ինչ որ կատարվեց Նիկոլի հետ Ֆրանսիայում, խորքում բովանդակազուրկ դեկորացիա էր, քանի որ Միսակ Մանուշյանի հանդեպ ֆրանսիական պետության մեծ սերն ու հարգանքը պետք է արտահայտվեր ոչ թե կամ ոչ միայն նրա վերահուղարկավորմամբ, այլ՝ Մանուշյանի ժողովրդի հանդեպ արտահայտված անկեղծությամբ, նրան թևութիկունք դառնալու իրական ձգտմամբ: Մինչդեռ, փաստորեն, ոչ ոք, բացի Մոսկվայից, Հայաստանին նույնիսկ բացառապես թղթի վրա երաշխիքներ տալու մտադրություն չունի:

Այս դեպքում հարց է ծագում՝ ո՞րն է ռուսներին խրտնեցնելու ու Արևմուտքի գիրկն ընկնելու ՔՊ-ի մոլուցքի տրամաբանական բացատրությունը: Նման բացատրություն չկա: Ավելի ճիշտ՝ կա, և դա հետևյալն է՝ սրանք թուրքական հատուկ ծառայություններից ստացել են հրահանգ՝ ցանկացած գնով Հայաստանը թողնելու լրիվ անպաշտպան: Արևմուտքը որքան էլ զենք տա Հայաստանին, թուրք-ադրբեջանական տոտալ ագրեսիայի դեպքում այդ զենքը կարող է ընդամենը մի քանի օրով հետաձգել Երևանի անկումը, ոչինչ ավելին: Ա՛յ ուրիշ բան, որ նույն Ֆրանսիան Հայաստանին միջուկային զենք տար այնպես, ինչպես ժամանակին տվել էր Իսրայելին: Կանե՞ն: Առը հա, թե կանեն…

Ասել կուզի՝ ցանկացած քանակությամբ զենքի գնումը չի կարող որպես իրական դիվերսիֆիկացիա դիտարկվել, այլ կարող է համարվել ուղղակի զենքի առևտուր՝ այլ երկրներից և ոչինչ ավելին:

Մի բան հստակ է՝ Ռուսաստանի հետ թշնամանքի հետևանքները, եթե այդ թշնամությունը խորանա, չի սահմանափակվելու միայն Լարսի փակմամբ, իսկ նման դեպքում ո՛չ ֆրանսիական, ո՛չ հնդկական, ո՛չ էլ նույնիսկ ամերիկյան զենքերը Հայաստանին չեն օգնելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել