Արցախյան շարժման 36-րդ տարին անցավ Արցախի՝ Ադրբեջանի լիակատար վերահսողության պայմաններում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ դեֆակտո իշխանություններն այս մասին ասելիք չունեի՞ն:
Ներքևում կդնեմ փետրվարի 20-ին Փաշինյանի վերջին տարիների ելույթներից հատվածներ՝ իրենց հղումներով:
2019 թվական
«1988 թվականի փետրվարի 20-ը հայոց ազգային վերազարթոնքի մի բացառիկ օրինակ էր, որ ոգեշնչեց միլիոնների։ Մենք վերագտանք մեր ազգային միասնությունը, միակամությունը, վճռականությունը։ Հայաստանում և Արցախում ձևավորվեց մի համաժողովրդական շարժում, որ բացառիկ էր իր թափով և անկասելիությամբ, խորապես ազգային էր և միաժամանակ խորապես ժողովրդավարական»։
2020 թվական
«Ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացումը և ժողովրդավարական ազատություններն ինչպես 1988-ին, այնպես էլ այսօր շարունակում են մեզ համար մնալ հստակ նպատակակետ: Եվ մենք համոզված ենք, որ միասնական ջանքերով հասնելու ենք մեր նպատակներին, քանի որ հավատարիմ ենք այն պայքարին ու ձգտումներին, որոնք անշրջելի են դարձնելու Արցախի բռնած ազատության ճանապարհը»։
2021թվական
«Ղարաբաղյան շարժումն ազդարարեց անկախության համար մղվող պայքարի սկիզբը` արթնացնելով մեր սրտերում ազգային միասնականության ոգին և ազատության շունչը: Այն մեր պետականության վերականգնման և աշխարհի ազգերի ընտանիքում մեր տեղը վերագտնելու գործընթացի առաջին քայլը հանդիսացավ:33 տարի առաջ այս օրերին վերածնվեց ոչ միայն Արցախը, այլ նաև ողջ հայ ժողովուրդը: Մենք մեր մեջ վերագտանք ազատ և անկախ ապրելու, մեր ճակատագիրը կերտելու ու մեր ապագան տնօրինելու վճռականությունը»:
2022 թվական

«Հերոսների սերունդների ու ընդհանուր հայրենիքի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը կլինի «մեծագույն տուրքը նրանց հիշատակին, որով կերաշխավորվի մեր պետության հարատևությունը, Արցախի իրավունքների միջազգային ճանաչումն ու իրացումը»:
2023 թվական
«Ղարաբաղյան շարժումն արցախցիների՝ իրենց իրավունքները պաշտպանելու և սեփական հողի վրա արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքն ու կամքն արտահայտելու համար էր»:
2024 թվական
«»:
2021-ին ՀՀ վարչապետը Արցախի հանրապետության ապագայից էր խոսում, ապա մի տարի անց օգտագործում էր Արցախի հայության իրավունքների պաշտպանություն ձևակերպումը։ 2022-ին իր ուղերձում արդեն խաղաղության դարաշրջան բացելը համարեց Արցախի իրավունքների միջազգային ճանաչման երաշխիքը։ Իսկ 2024-ին ճիշտ համարեց զրոյացնել հայ ժողովրդի արդար պայքարը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել