Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» (հուսիներ) շիա շարժումը չորեքշաբթի հայտարարել է, որ Կարմիր ծովում ամերիկյան USS Gravely ռազմանավը նոր հարձակման թիրախ է դարձել, ասել է հուսիների ռազմական խոսնակ Յահյա Սարիան։

«Մեր ռազմածովային ուժերը համապատասխան նավային հրթիռներ են արձակել Կարմիր ծովում ամերիկյան USS Gravely Էսկադրային ականակրի ուղղությամբ», - ասել է նա «Անսար Ալլահ»-ի կողմից վերահսկվող «Ալ Մասիրա» հեռուստաալիքի եթերում:

Հուսիների ռազմական խոսնակը նշել է, որ «ամերիկյան և բրիտանական բոլոր ռազմանավերը, որոնք մասնակցել են մեր երկրի դեմ ագրեսիային, ճանաչվել են որպես մեր զինված ուժերի թիրախ»:

Նա կրկին ընդգծել է, որ Եմենի զինված ուժերը կշարունակեն արգելափակել Կարմիր և Արաբական ծովերով դեպի Իսրայելի նավահանգիստներ մեկնող նավերը, մինչև Գազայի հատվածում ռազմական գործողությունները չդադարեցվեն։

Հունվարի 12-ից ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցնում հուսիների դիրքերին Եմենի տարբեր հատվածներում՝ դադարեցնելու նրանց հարձակումները Կարմիր ծովում և Բաբ ալ-Մանդեբի նեղուցում Իսրայելի հետ կապված նավերի վրա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել