ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Տուսկին՝ Լեհաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի՛ պարոն Տուսկ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լեհաստանի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Կայացած ընտրությունների արդյունքները, անկասկած, վկայում են Ձեր հանդեպ Լեհաստանի քաղաքացիների բարձր վստահության, երկրի կայուն զարգացման ապահովման գործում Ձեր կարողությունների, հեղինակության և հարուստ փորձի պահանջարկի մասին:
Մաղթում եմ Ձեզ անսպառ եռանդ և հաջողություններ Ձեր պատասխանատու առաքելությունն իրականացնելու գործում, իսկ Լեհաստանի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և առաջընթաց: Ձեզ լավ ճանաչելով՝ հավատացած եմ, որ Ձեր խոստացած «լավ քաղաքական փոփոխությունները Լեհաստանում», իրոք, անխուսափելի են:
Ձեզ ուղղված իմ վերջին նամակը՝ գրված 17.10.2020թ., իմ Հայրենիքի մի մասում՝ Լեռնային Ղարաբաղում (Արցախի Հանրապետությունում) հայ ժողովրդին բնաջնջումից փրկելու համար Ձեր հրապարակավ և ոչ հրապարակավ միջամտության խնդրանքս էր՝ որպես Եվրոպայում հայտնի առաջատար քաղաքական գործչի:
Ցավոք, կանխատեսածս «մեծ ողբերգությունը» տեղի ունեցավ. 21-րդ դարում, քաղաքակիրթ մարդկության աչքի առաջ, Արցախում հայ ժողովուրդը էթնիկ զտման ենթարկվեց հայատյացությունը պետական քաղաքականություն դարձրած Ադրբեջանի կողմից: Հարյուր հիսուն հազար հայերից ոչ ոք չմնաց իր բնօրրանում:
Բայց հիմնախնդիրը, մեր համոզմամբ, լուծված չէ, պարզապես չի՛ կարող այդպես լուծվել, և հայկական Արցախի էջը փակված չէ:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և հղում լավագույն բարեմաղթանքներս:
Ընդունեք խնդրեմ իմ խորին հարգանքների հավաստիքը»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել