ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 29-ին Դուբլինում հանդիպել է Էստոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրի Հուսսարին: Նա նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Էստոնիայի հետ դինամիկ զարգացող բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ վստահության եւ ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա: Կողմերն ընդգծել են երկկողմ օրակարգում միջխորհրդարանական համագործակցությունը՝ կարեւորելով խորհրդարանական բարեկամական խմբերի նշանակալի դերը:
ՀՀ ԱԺ նախագահն արժեւորել է Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի` մոտ ժամանակներում նախատեսված այցը՝ նշելով, որ մեր երկրի համար այս ծանր եւ մարտահրավերներով լի ժամանակաշրջանում հարկավոր են նման այցերը:
Քննարկվել են միջազգային խորհրդարանական համագործակցության հեռանկարները: «Իհարկե, չեմ կարող չանդրադառնալ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվող մեր հայրենակիցների հարցին: Ադրբեջանի լայնածավալ հարձակման հետեւանքով հարյուրավոր զոհեր եւ վիրավորներ ունենք: Բաքուն իրականացնում է հայաթափման քաղաքականություն»,- շեշտել է Ալեն Սիմոնյանը: Էստոնացի գործընկերն այս հարցում կարեւորել է միջազգային հանրության համարժեք արձագանքը՝ ընդգծելով, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն առաջնային է իրենց համար: