Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը նորից հայտնվել են իրենց փորած փոսում։ Ավելի քան հինգ տարվա ընթացքում Փաշինյանի վարած արտաքին անհեռատես քաղաքականության հետեւանքով Հայաստանը մեկ անգամ չէ, որ ներքաշվել է վտանգավոր խաղերում՝ դառնալով Արեւմուտք-Ռուսաստան հակամարտության թատերաբեմ։ Ճկուն, հավասարակշռված պահվածքի փոխարեն դրսեւորել է «մեկին փնովելով՝ մյուսին հաճոյանալու» սկզբունքը եւ արդյունքում հարաբերությունները փչացրել է երկու կողմի հետ էլ։ Ահավասիկ, հերթական դիպվածով Փաշինյանը լարեց առանց այն էլ լարված հայ-ռուսական հարաբերությունները, բայց չբարելավեց նաեւ Արեւմուտքի հետ հարաբերությունները։ Խոսքը Միջազգային քրեական դատարանի հիմք հանդիսացող Հռոմի ստատուտի մասին է, որն իշխանականները գլխացավանք դարձրին իրենց համար։

Հիշեցնենք․ մարտի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանը որոշեց, որ Միջազգային քրեական դատարանի հիմք հանդիսացող Հռոմի ստատուտը համապատասխանում է երկրի Սահմանադրությանը, եւ Հայաստանի կառավարությունը կարող է շարունակել համաձայնագրի վավերացման գործընթացը։ Հռոմի ստատուտի կարգավորումների համաձայն` Միջազգային քրեական դատարանով քրեական պատասխանատվության ենթարկված անձանց նկատմամբ չի կարող կիրառվել համաներում կամ ներում, իսկ Հաագայի դատարանի կողմից մարտի 17-ին ՌԴ նախագահին ձերբակալելու օրդեր էր իջեցվել: Այսինքն՝ միանալով Հռոմի ստատուտին՝ ՀՀ-ն պարտավորվում է կատարել նաեւ Հաագայի դատարանի այս որոշումը եւ Հայաստան մտնելուն պես ձերբակալել Պուտինին: ՍԴ որոշումից հետո այն վերադարձվում է կառավարություն, եւ եռամսյա ժամկետում պետք է կառավարությունն ուղարկեր խորհրդարան՝ վերջնական հաստատման, այսինքն՝ մայիսի 24-ը վերջնաժամկետն էր։ Այժմ արդեն նախատեսված ժամկետը սպառվել է, իշխանությունները որոշեցին չվավերացնել կոնվենցիան, որով կարող են նեղացնել ռազմավարական գործընկեր Ռուսաստանին, մյուս կողմից էլ՝ հօդս ցնդեցրին Արեւմուտքի հույսերը, որ Հայաստանը միանում է հակառուսական կոալիցիային։

Նիկոլ Փաշինյանը հերթական անհասկանալի պահվածքն է դրսեւորել՝ համաձայնագիրը ո՛չ ուղարկել է խորհրդարան, ո՛չ էլ հարկ է համարել թիմակիցներին տեղեկացնել դրա պատճառների մասին։ Մինչդեռ, երբ համաձայնագիրը ՍԴ-ում էր, վերեւից հրահանգել էին ՔՊ-ականներին՝ խրոխտ հայտարարություններ անել ՌԴ նախագահի դեմ, ինչի հետեւանքը, որոշ տեղեկություններով, եղավ այն, որ ՌԴ-ն դիվանագիտական խողովակներով դեղին քարտ ցույց տվեց ՀՀ իշխանություններին՝ կտրուկ դնելով հարցը, որ եթե համաձայնագիրը վավերացվի, վատ է լինելու։ Եվ չնայած որոշ ՔՊ-ականներ, հասկանալով, որ այդ պահվածքն արկածախնդրություն է, փորձում էին թիմին «մաքրել»՝ հայտարարելով, որ համաձայնագիրը Պուտինի դեմ չէ, որ դա կարող է միջազգային հարթակում օգնել Հայաստանին՝ ընդդեմ Ադրբեջանի, բայց կյանքը ցույց տվեց, որ ՀՀ-ում համաձայնագիրն օրակարգ էր մտել նախեւառաջ ՌԴ-ի դեմ օգտագործելու նպատակով։ Քանի որ Ադրբեջանը չի միացել այդ համաձայնագրին, ուստի որեւէ պարտավորություն չունի՝ կատարելու միջազգային դատարանի որոշումները, ինչպես չկատարեց Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ վճիռը։ Այնպես որ, Հռոմի դատարանին միանալը որեւէ դրական հետեւանք չի ունենալու։

Վերադառնալով համաձայնագրի ճակատագրին։ ՔՊ-ական պատգամավորները երեկ մեզ վստահեցնում էին, որ համաձայնագրի հարցը թիմում եւ խմբակցությունում չեն քննարկել, ուստի դժվարանում են ասել՝ ինչ-որ պահից նորից օրակարգ կմտնի՞ փաստաթուղթը, թե՞ «կգրվի սառույցին»։ ՔՊ-ական Կարեն Սարուխանյանն անգամ գրեթե երդվեց, որ ծանոթ չէ այդ համաձայնագրին, գաղափար էլ չունի՝ ինչ է դա ենթադրում։ Նա հակադարձեց մեր դիտարկմանը, թե ինքը ՔՊ-ից չէ՞․ «ՔՊ-ի հիմնադիրներից եմ, բայց հավատացնում եմ՝ ծանոթ չեմ»։ 

«Ես չգիտեմ՝ ժամկետներ կան, թե ոչ, բայց որ քննարկում չի եղել նման կարեւորագույն հարցի վերաբերյալ, կարող եմ հաստատել»,- պնդեց նաեւ Հովիկ Աղազարյանը։ ՔՊ-ական պատգամավորն անձամբ կարծում է, որ այն պետք է վավերացնել․ «Եթե չեմ սխալվում, այդ համաձայնագիրը կնքվել է 1999 թվականին, սկզբում ՌԴ-ն եւս ստորագրել է, ապա հետ է վերցրել իր ստորագրությունը՝ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով։ Մենք մեր ստորագրությունը հետ չենք վերցրել, եթե հետ չենք վերցրել, ուրեմն պետք է վավերացնենք, որովհետեւ չի կարելի նմանատիպ փաստաթղթերը տասնյակ տարիներով սպասեցնել տալ։ Սա իմ անձնական կարծիքն է եւ չի կարող հավաքական կարծիքին փոխարինել»։ Մեր ճշտող հարցին՝ խնդիր չի՞ տեսնում Պուտինի ձերբակալման հետ կապված, պատասխանեց․ «Ամիսներ առաջ, երբ այդ հարցն առաջացավ, ես իմ իրավաբան գործընկերներին խնդրեցի պարզաբանել, ասացին, որ այդ առումով խնդիր չկա։ Որովհետեւ մի քիչ աբսուրդ է, որ ձերբակալես քո ռազմավարական դաշնակից պետության ղեկավարին, դա լոգիկայից դուրս է, եթե չասենք՝ ուրիշ բաներից էլ է դուրս»։ Դա միջազգային դատարանի որոշումն է, այն չիրագործելը չի՞ հարուցի Արեւմուտքի դժգոհությունը։ «Ես չեմ վիճարկում Ձեր ասածը, իրավական նրբություններին չեմ տիրապետում, իմ գնահատականը քաղաքական է՝ չի կարող որեւէ պետություն ձերբակալել իր ռազմավարական դաշնակից պետության ղեկավարին, դա բոլոր գրված եւ չգրված օրենքներին դեմ է»,- նշեց Աղազարյանը՝ հավելելով, որ դա չի նշանակում, թե չկան դժգոհություններ ՌԴ-ից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել