- Պարոն Սիրունյան, Ձեր ֆեյսբուքյան էջում Դուք երեկ անդրադարձել եք թմրանյութի հետ կապված մի գործի, որի շրջանակներում չորս քննիչի մեղադրանք է առաջադրվել, որից երեքը կալանավորվել են, իսկ մեկը` ոչ: Ձեր գրառումներից հասկանալի է, որ դժգոհ եք իրավապահ համակարգից, մասնավորապես` Քննչական կոմիտեից: Վերոնշյալ գործում ի՞նչն է Ձեզ այդքան մտահոգել:
- Շնորհակալ եմ, որ իմ հրապարակումներին հետեւում եք: Չեմ սիրում քֆուրներ տալ այս կամ այն մարդուն, սակայն ոլորտին վերաբերող մարդկանց նամյոկներ եմ անում, թող հասկանան: Ուզում եմ ասել` ժողովուրդ ջան, ոնց որ մի բան էն չի ձեզ մոտ: Առավոտվանից կարդում եմ, որ չորս քննիչ է կալանավորվել, որից մեկն ազատ է արձակվել: Չե՞ն ուզում հերքել, որ նման բան չի եղել, կամ հաստատեն, որ նման բան է եղել: Մի հատ կավիճ գողացող դասատու եք բռնում, մի շաբաթ տելեվիզորով ցույց եք տալիս, որ ուսմասվար Վարդուշը երկու պաչկա կավիճ էր տարել տուն՝ պետությանը պատճառելով մի քանի հարյուր դրամի վնաս: Համացանցը եռում է այն նորությամբ, որ քննիչները նարկոտիկ են իրացրել, ժողովուրդ ջան, բա չե՞ք ուզում արձագանքել: Պարզվում ա` չեն ուզում:
- Առհասարակ, այսօր դատաիրավական համակարգի աշխատանքին ի՞նչ գնահատական կտաք: Զոհվածի մորը մեկ ամսով կալանավորեցին, սակայն Դիլիջան քաղաքի քրեականի պետն անչափահաս երեխային առանձնակի դաժանությամբ ծեծում է եւ շարունակում է իր աշխատանքը: Քննչական կոմիտեն էլ հաղորդագրություն է տարածում՝ նշելով, որ մեղավորը զղջում է, այդ հիմքով գործ չի հարուցվել:
- Եկեք՝ բառախաղով մի զբաղվեք․ այն, ինչ արել է Գայանե Հակոբյանը, որ անգամ, պարզվում է, Գայանե Հակոբյան էլ չի` Ազգուշ Մարտիրոսյան է, լրիվ ուրիշ պատմություն է: Այնտեղ իրոք հանցանք կա: Ցավում եմ, որ նա այդ քայլին է գնացել:
- Ի՞նչ հանցանք: Աշոտ Փաշինյանն առեւանգված չէ, ողջ է եւ առողջ, որեւէ մարմնական վնասվածք էլ չի ստացել:
- Պարտադիր չէ, որ առեւանգումը լինի բռնի:
- Եթե Աշոտն առեւանգված չէ, ինչպե՞ս է ստացվում, որ նրան առեւանգել են:
- Բայց ո՞վ ասեց.... առեւանգումը շատ կոնկրետ հոդված է, երբ մարդուն իր կամքին հակառակ տեղափոխում ես մի վայր, դա կոնկրետ առեւանգում է:
- Նա իր կամքով է նստել ավտոմեքենան, կա տեսանյութ:
- Նստել ա, ինչի՞ ա քշել: Ինչի՞: Գայանե կլինես, Ազգուշ կլինես, խի՞ ես ավտոն քշել:
- Եթե կար պարտադրանք, այդ դեպքում Աշոտը կարող էր չնստել մեքենան, ո՞վ էր նրան ստիպել:
- Դրանք տարբեր հանցակազմեր են, առեւանգումը, ազատությունից զրկելը տարբեր բաներ են, ու ես շատ ցավում եմ, որ այդ կինը նման բան է արել ու անազատության մեջ է:
- Իսկ կալանավորելու անհրաժեշտություն կա՞ր:
- Էդ ուրիշ բան, դա պետք է դատավորներից ու դատախազներից հարցնեք: Դա արդեն իմ գործը չի: Ես տալիս եմ որակում` առեւանգում է դա:
- Դիլիջանի քրեականի պետի «հերոսությունների» մասին ի՞նչ կասեք: Նորմա՞լ է, որ նա շարունակում է իր աշխատանքը:
- Նա պետք է դատվի:
- Քննչականն ասում է` զղջում է իր արարքի համար:
- Կլինի՞, որ Հայկն էլ ինձ ծեծի ու զղջա, կամ ես ծեծեմ Ձեզ, ասեմ` զղջում եմ, էս ինչ վատ բան ա (ծիծաղում է):
- Ի՞նչ անուն կտաք մեզանում տեղի ունեցող այս պրոցեսներին:
- Դա նշանակում է, որ Քննչական կոմիտեն, մեղմ ասած, վատ է աշխատում: Իսկ ահա թե ինչով է զբաղված դատախազությունը, ինձ թվում է՝ պարզապես իրենք էլ չեն հասկանում:
- Գուցե հասկանում են, բայց այդպե՞ս է հրահանգված:
- Ումի՞ց են հրահանգ ստանում: Դե, կոնկրետ վարչապետն ինչի՞ համար պիտի հրահանգի՝ չորս նարկոտիկ ծախողներից երեքին կալանավորեն: Ո՞վ նման բան կասի: Չեմ հավատում:
- Գուցե ա՞յլ շահագրգռվածություն կա այստեղ:
- Գուցե, եթե փող են առնում` ուրիշ բան, շատ վատ բան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել