Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը, որ ավելի քան 6 տարի է՝ գտնվում է Էդիրնեի բանտում, կոչ է արել նախագահական ընտրություններում քվեարկել ընդդիմադիր Հանրապետաժողովրդական կուսակցության առաջանորդ Քեմալ Քըլըչդարօղլուի օգտին։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական T24-ը փոխանցել է բանտից հրապարակված նրա ուղերձը, որում ասվում է․ «Վաղն աշխարհի վերջը չի լինի, սակայն կարող է լինել ժողովրդավարության և տնտեսության վերջը։ Վաղը դատաստանի օրը չի լինելու, սակայն կարող է լինել վերջին ընտրությունը։ Թուրքիային խոստանում ենք խաղաղություն և բարեկեցություն, մեր եղբայրական ձեռքն ենք մեկնում։ Եղբայրներ, այդ ձեռքն օդում մի թողեք։ Ձեր ձայնը տվեք Քըլըչդարօղլուին, թող Թուրքիան շունչ առնի»։

Թուրքիայում մայիսի 28-ին կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որտեղ հաղթանակ կտանի ամենաշատ քվե ստացած թեկնածուն։

Մայիսի 14-ին՝ ընտրությունների առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկ չէր հաղթահարել անհրաժեշտ 50 տոկոսի շեմը․ Էրդողանը ստացել էր 49,52 տոկոս ձայն, իսկ Քըլըչդարօղլուն՝ 44,88 տոկոս ձայն։ 

Առաջին տուրում ևս քրդամետ կուսակցության առաջնորդն իր աջակցությունն էր հայտնել Քըլըչդարօղլուին։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել