Այսօր Հայաստանի ֆիզիկական կուլտուիայի եվ սպորտի պետական ինտիտուտի տարբեր կուրսերի և մասնագիտությունների ուսանողներն օնլայն հանդիպում ունեցան ԱՄՆ-ում գտնվող, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանի հետ։ Նա ապագա մարզիկների հետ կիսվեց իր փորձով, անցած դժվարություններով և պատասխանեց ուսանողների մի շարք հարցերին։

Հանդիպումը կազմակերպել էր «TotoGaming» ընկերությունը և ֆիզկուլտ ինստիտուտը։ PR և հաղորդակցության մասնագետ Աելիտա Չիլինգարյանը վերջում պատմեց նախագծի մասին.«Մարզիկ ուսանողները բացի դասական կրթությունից պետք է շփվեն իրենց ավագ ընկերների հետ, ովքեր արդեն անցել են որոշակի ճանապարհ և կարող են բազմաթիվ խորհուրդներ տալ, կոnկրետ քայլեր անել խոչընդոտները հաղթահարելու համար և ամենակարևորը ոգեշնչել՝ բարձր պահելու Հայաստանի դրոշը»։

Ուսանողներից մեկը հետաքրքրվեց, թե մարզիկը ինչո՞ւ ընտրեց հենց հունահռոմեական ըմբշամարտը:

«Որովհետև սա տղամարդկանց համար միակ մարզաձևն է, այստեղ կանայք չկան»,- ժպիտով պատասխանեց մարզիկը և հավելեց, որ սա ոչ թե լավ է կամ վատ, այլ փաստ, իսկ ոճի այս ընտրությունը ինքստինքյան է եղել. «Եթե ունենայի երկու որդի, մեկին կտայի հունահռոմեկան, մյուսին` ազատ ոճի ըմբշամարտի, քանի որ երկուսն էլ հավասարապես սիրում եմ»:

Պատասխանելով այն հարցին՝ թե ինչով կզբաղվեր,եթե չընտրեր սպորտը, Միհրանն ասում է. «Ես չէի սիրում կռվել, բայց շատ էի կռվում, ինձ հեռացրել են մի քանի դպրոցից։ Հիմնականում, ուրիշներին պաշտպանելու համար էի կռվում, բայց հաճախ ես էլ եմ պատճառ եղել։ Դրա համար էլ հիմա զբաղվում եմ մենամարտերով, նաև կարող էի բռնցքամարտիկ լինել։ Բայց ամենասիրելի զբաղմունքը գեղասահքն է. անչափ գեղեցիկ է ու նուրբ փիլիսոփայություն ունի»։

 Ապագա մարզիկներից մեկին հետաքրքրեց՝ այդյոք Միհրանն ունեցել է հոգեբանական ճգնաժամեր, բարդություններ և ինչպե՞ս է հաղթահարել դրանք։

Փոխչեմպիոնը խոստովանեց՝ ծանր ժամանակներ է ունեցել, զգուշացրեց՝ ապագա մարզիկները նույնպես կունենան դժվարություններ, բայց նշեց,որ կարևորը համբերատար լինելն է։

«Ոչ ոք ձեզ չի օգնելու, միայն դուք ինքներդ կարող եք։ Պետք է հաղթահարեք ինքներդ ձեզ և՛ հոգեբանական, և՛ ֆիզիկական առումով։ Եղել է ժամանակ, երբ ես չէի կարողանում գնալ տուն ու նայել հորս աչքերի մեջ։ Դրա համար ինձ սահմանափակեցի բոլորից ու մնացի ստվերում։ Ես ընդմիջում վերցրի ու պարտվելուց հետո մոտ երկու տարի դուրս չէի գալիս տանից, իսկ հետո երբ կարողացա հաղթահարել գլխիս մեջ եղած աղմուկն ու լռեցնել այն, ես նորից կռվեցի ու հասկացա՝ ներսումս նորից ամեն ինչ աշխատեց, ես սկսեցի կռվել ու ինձ համար արդեն անցողիկ էին բոլոր ծանրությունները, վնասվածքներն ու հոգնածությունը։ Ընդմիջում վերցրեք ու ժամանակ տվեք ինքներդ ձեզ, մինչև չհասկանաք, որ արդեն պատրաստ եք նորից մարզվելու։ Բայց իհարկե, պետք չէ այդ ամենը խառնել ալարկոտության հետ»։

Ուսանողներից մեկը հետաքրքրվեց նաև մարզիկի ապագա պլաններով։ Միհրանը կիսվեց, որ ուզում է ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի, երեխաների հետ. «Ես միայն 33 տարեկանում գտա մարդու, ով ինձ համար լիարժեք ապավեն է, ում հետ ես կարող եմ մնալ մենակ, ինչպես ինքս ինձ հետ, լռել նրա հետ, տխրել, լաց լինել։ Ես ինքս ինձ ռենկարնացիա եմ արել և այդ էներգիան դեռ մի քանի տարի կհերիքի, որ սպորտով զբաղվեմ»։
Հայաստանի դրոշով ելույթ ունենալու ու միջազգային կազմակերպությունների հետ պայմանագրեր կնքնելու խնդիրների մասին Միհրանն ասաց. «Դուք կարող եք ելույթ ունենալ ուրիշ երկրում, բայց բարձրացնել նաև Հայաստանի դրոշն ու պատիվը։ Կան կազմակերպություններ, որոնք թույլ չեն տալիս քո սեփական հովանավորներին ներկայացնել։ Դրա համար ես պայմանագիր եմ կնքել «UP NEXT FIGHTING»-ի հետ, չնայած գուցե ֆինանսապես ավելի լավ տարբերակներ կարող են լինել, բայց կարևոր է, որ այսպես ավելի ազատ եմ ու ավելի բաց, կարող եմ ներկացանել ինձ ու իմ հովանավորներին։ Կա զարգացում ու հեռանկար»։

Իսկ հովանավորներ գտնելու մասին խոսելով՝ Միհրանն ասաց,որ ամենակարևորն ու առաջնայինը արդյունքն է, եթե այն կա, մարզիկին կնկատեն. «Երբեմն պետք որոշ դռներ կոտրել, դրան հասնելու համար։ Սա մութ, դժվար, տոթ թունել է, որի միջով անպայման պետք է անցնել։

Պետք է «հայտարարեք» ձեր մասին։  Սոցիալական ցանցերը, տարբեր ակցիաները խաղի մի մասն են, լրացուցիչ օգնում են, օրինակ ֆինանսապես, ու դու չես մտածում ոչ մի խնդրի մասին, այլ կենտրոնանում ես մարզվելու վրա»։

Իսկ հանդիպման վերջում փոխչեմպիոնը ապագա մարզիկներին խորհուրդ տվեց հաճախ սխալվել, ասելով՝ պարտադիր չէ այսօր լինել ավելի լավը, քան երեկ, պետք է լինել համբերատար ու էներգիայով լի և ամեն օր նոր բան սովորել։

Ինստիտուտի հանրային կապերի ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանի խոսքով շատ կարևոր են նման հանդիպումները երիտասարդ սերնդի համար, երեխաները շփվելով արդեն կայացած մարզիկների հետ, ավելի են մոտիվացվում և էնտուզիազմով մարզվում, պրոֆեսիոնալներն էլ իրենց հերթին փոխանակվում են սեփական փորձով։ «TotoGaming»-ի հետ սա այս տարվա արդեն 3-րդ համատեղ միջոցառումն է։

Տարին սկսվել էր ինստիտուտի լավագույն տասը մարզիկների պարգևատրմամբ, որի դրամական բյուջեն տրամադրել էր «TotoGaming» ընկերությունը։ Հաջորդը «Ուժը սեռ չունի» ապրիլյոթյան ակցիան էր, որտեղ պարգևատրվողները կրկին տասն էին`  լավագույն 7 կին մարզիկները և երեք` շինարար, օդաչու և հանքավարյրի բեռնատարի վարորդ կանայք, որոնք կարծրատիպեր էին կոտրում, այսինքն մրցույթը ոչ միայն ֆիզիկական, այլև ներքին ուժի մասին էր։ Այսպիսի ծրագրերը կլինեն շարունակական։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել