ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի հատվածում ադրբեջանական այսօրվա կրակոցները, այդ թվում` ականանետային միջոցներից, որոնց հետանքով ունենք զոհված ու վիրավոր զինծառայողներ, ադրբեջանական այն դիրքերից են, որոնք ապօրինաբար տեղակայվել էին վերջերս: Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի հատվածում ադրբեջանական հանցավոր կրակոցները ՀՀ ներխուժած դիրքերից են. այստեղ նաև դադարեցված է Սոթքի հանքավայրի աշխատանքը, իսկ անձնակազմը` տարհանված:
Սա ադրբեջանական իշխանությունների հստակ քաղաքականությունն է. ապօրինաբար տեղակայվում են ՀՀ տարածքներում կամ հայկական քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ ու ճանապարհներին, իսկ հետո հանցանքեր գործում խաղաղ բնակիչների ու զինծառայողների նկատմամբ (կրակոցներ, գողություններ և այլն), մարդիկ չեն կարողանում վաստակել ընտանիքի եկամուտը: Մեր թե´ Զինված ուժերի, թե´ Սահմանապահ զորքերի, թե´ Ոստիկանության ծառայողները խաղաղ բնակչությանը պաշտպանում են ադրբեջանական հանցավոր արարքներից։
Ադրբեջանական զինված ծառայողների ապօրինի ներկայությունն ինքնին մարդկանց կյանքի իրավունքի խախտում է ու անվտանգության խաթարում` ադրբեջանական իշխանության հայատյաց քաղաքականության ու հանցավոր անպատժելիության պայմաններում:
Բոլոր հիմքերը կան ու շարունակում են պահպանվել, որ ադրբեջանական զինված ծառայողներին պետք է հեռացնել և քաղաքացիական բնակչության պաշտպանության համար ստեղծել անվտանգության գոտի:
Մենք իրականացնում ենք փաստերի հավաքագրում, վերլուծություն և ամփոփում` անհրաժեշտ գործընթացների համար ամրագրում հավաստի ապացույցներ` միջազգային կառույցներին ներկայացնելու նպատակով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել