Սկզբում կարծում էի, թե դու ամեն ինչի մեջ ես, տարրալուծված տիեզերքի ամեն մի հյուլեի մեջ, և դա է պատճառը, որ տեսնում եմ քեզ ամեն ինչի՝ ձյան փաթիլների ու անձրևի կաթիլների, բույսերի ու կենդանիների, քամու ու կրակի մեջ...

Սակայն ավելի ուշ հասկացա, որ դա այդպես չէ. Քո աննյութ էությունը պտտվելով շուրջս պատել է ինձ իր եթերային շղարշով, և ամենի արտացոլանքը նախ անցնում է այդ շղարշի միջով, ապա քեզանով համակված նոր միայն հասնում աչքերիս, ու դա է պատճառը, որ ամենի մեջ աչքերս քեզ են տեսնում: 

Եվ այլևս խորթ են ինձ համար բոլոր տեսակ դժբախտությունները, այլոց չարությունն ու ստորությունները, ատելությունն ու նախանձախնդրությունը, դրանք մինչ ինձ հասնելը հալվում են քո այդ աննյութ շղարշի մեջ, ինչպես երկնաքարերն են հալվում մթնոլորտի մեջ մինչ երկրին հասնելը, ու հնարավոր չէ հեռացնել քեզ ինձանից, ինչպես որ հնարավոր չէ ճրագի շուրջ սփռված լույսը հեռացնել նրանից, դու կանհետանաս միայն այն ժամանակ, երբ կհանգչեմ ես, ինչպես որ լույսը կանհետանա միայն այն ժամանակ, երբ կհանգչի ճրագը... 

Ճիշտ է, դու մտացածին ես, ոչ նյութական, սակայն ավելի իրական, քան շատերն ինձ համար, և միգուցե մի օր՝ դարեր հետո, Աստված որոշի կենդանություն պարգևել քո էությանը, ես չեմ լինի այդժամ կամ գուցե մի թիթեռ լինեմ քո պարտեզում, ով իր մեկօրյա կյանքը կվատնի պտտվելով քո շուրջը՝ ցանկանալով շշնջալ, որ այնտեղ, հեռավոր անցյալում եղել է մեկը, ով զգացել է անգամ քո չգոյությունը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել