168.am-ը գրում է․

Արմավիրի մարզի Ջանդիֆա գյուղի մի խումբ բնակիչներ բողոքում են, որ իրենք չեն կարողանում մշակել իրենց այգիները, որոնք գտնվում են Թուրքիայի հետ սահմանին։

168.am-ի հետ զրույցում Ջանֆիդա գյուղի բնակիչ Վահեն որոշ մարամասներ ներկայացրեց խնդրի վերաբերյալ, մասնավորապես, որ ամբողջ Ջանֆիդան ունի 650 հեկտար պտղատու այգի, որի համար անհրաժեշտ է աշխատուժ, սակայն, երբ իրենք մարդկանց բերում են, որպեսզի մտնեն այգիներ ու աշխատեն, ռուս սահմանապահները թույլ չեն տալիս՝ պատճառաբանելով, թե վտանգավոր է։

«Աշխատուժը միայն մեր գյուղից չէ, տարբեր գյուղերից գալիս՝ գումարով այգու աշխատանքները կատարում են, նույնիսկ Լենինականից են գալիս։ Հիմա մեր ուզածն այն է, որ մեզ թույլատրեն՝ այդ մարդկանց մտցնենք մեր այգիներ, որպեսզի օրավարձով աշխատեն։ Սակայն ռուս սահմանապահները մեզ ասում են, որ պայմանները խստացրել են, և չենք կարող թույլատրել։

Մեզ ասում են, որ ամեն տարի պայմանները խստացնում են, իրենք էլ պիտի ենթարկվեն այդ պայմաններին։ Ասում են՝ իրենց մեղքով չէ, սահման է, ու այդպես պետք է լինի։ Մեզ նույնն էլ գյուղապետն ու մարզպետն են ասում»,- նշեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ խնդրի վերաբերյալ գյուղապետն իրենց ասել է, որ անզոր է, մարզպետն էլ ասել է, որ ամեն ինչ պետք է անցաթղթով լինի։

«Մենք իրենց ասել ենք, որ նախորդ տարի մենք մեր այգիները մշակել ենք, մեզ պատասխանում են, որ օրենք է փոխվել, ամեն ինչ խստացել է, թե ինչ է փոխվում կամ ինչն է խստացել՝ մենք չգիտենք։ Այսինքն՝ այնպես են անում, որ 650 հեկտար հողը դառնա անապատ։

Կոնկրետ ես ունեմ 4 հեկտար հող, այդքանը միայն ես կնոջս հետ չեմ կարող մշակել, աշխատուժ է պետք, աշխատուժին էլ չեն թողնում մտնի հող։ Կառավարությանը դեռ չենք դիմել, պետք է դիմենք, կարո՞ղ է ուզում են մեզ մեզ հացից կտրեն, մտածել են, եթե մեր հողը չենք մշակում, ինչպես ենք ապրելու»,- եզրափակեց Վահեն։

168.am-ի հետ զրույցում Ջանֆիդայի գյուղապետ Կամսար Ղորղանյանն էլ ասաց, որ փորձում են խնդիրը կարգավորել։

«Կարող եմ միայն ասել, որ այդ հարցը քննարկվում է, հարցը դրված է քննարկման, դրա մասին մենք կտեղեկացնենք։ Ընթացքի վերաբերյալ կտեղեկացնեմ, այս պահին այսքանը կարող եմ ասել»,- կարճ պատասխանեց Ջանֆիդայի գյուղապետը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել