Կներեք, իսկ Նիկոլը Լավրովից լա՞վն է

Ողջ իշխանական քարոզչամեքենան, «թևերը քշտած», լծվել է հակառուսական քարոզչության գործին՝ ռուսներին մատուցելով որպես «սպիտակ թուրքեր»: Ինչ հայհոյանք ու լուտանք ասես, որ չեն թափում Մոսկվայի հասցեին՝ Լավրովին հռչակելով՝ «շուռ տված» հայ, թուրքի ստրուկ, պանթյուրքիզմի ռահվիրա և այլն: Կարճ ասած՝ քարոզչական դաշտում իրավիճակը լրիվ 18+ է՝ սադիզմի հստակ տարրերով:

Բայց հարց է առաջանում՝ իսկ ո՞րն է՝ 7 շրջանների պատկանելիության վերաբերյալ Նիկոլի տեսակետը՝ մարդ, որի հովանու ներքո ու ուղիղ հրահանգով, ըստ էության, հենց հիմա իրենց հերթական «դոպինգն» են ստանում հայ-ռուսական հարաբերութուները:

Օրինակ՝ հարց է առաջանում՝ Աննայի հետ հենց հիմա Ալմաթիում զվռնող Նիկոլը ռուսների հետ բանակցելիս, ռուսներին պարբերաբար դողացող ձայնով մի 48 մլն անգամ շնորհակալություն հայտնելիս 7 շրջանների պատկանելիության կամ Արցախի ժողովրդի՝ Ադրբեջանի կազմից դուրս ինքնորոշման իրավունքի մասին ծպտուն հանո՞ւմ է, ասո՞ւմ է, օրինակ, որ հայկական կողմը 7 շրջանները համարում է ոչ թե Արդբեջանի մաս, այլ՝ Արցախի սահմանդրական տարածք, որը բռնազավթված է թշնամու կողմից՝ չհաշված Շուշին ու Հադրութը…

Նիկոլն իրականում ոչ մի ծպտուն այս թեմաների վերաբերյալ չի հանում, քանի որ երես չունի. մեկ անգամ չէ, որ բարձր ամբիոններից Նիկոլը, գոռգռալով իր քաղաքական օպոնոնտների վրա, ոչ միայն 7 շրջանը, այլև Արցախի ողջ տերիտորիան հռչակել է՝Ադրբեջան՝ արցախիցներին կոչ անելով «լեզու գտնել» Ալիևի հետ: Կներեք, իսկ ասենք Պրահայան փաստաթուղթը Արցախը հռչակում է Հայաստան, և վե՞րջ: Եթե ռուսները գոնե առաջարկում են ստատուսի հարցը թողնել ապագային, ապա Արևմուտքն առհասարակ այդ թեման միանգամից փակում է՝ հայերիս գրողի ծոցն ուղարկելով:

Նիկոլի համար Հայաստանն ի սկզբանե եղել է ու ցայնսօր էլ մնում է ագրեսոր: Բա որ այդպես չլինի, զանազան ՔՊ-ականներ լկտիաբար հայերի՞ն կմեղադրեն թուրք- ադրբեջանական տանդեմի կողմից վարվող հայատյաց քաղաքականության համար…

Լավրովի խոսքերը, իհարկե, տհաճ են, բայց պետք է հասկանալ, թե ինչի հետևանք են դրանք. հայ-ռուսական հարաբերությունները զրոյացվում են, ՀԱՊԿ-ի վրա ՔՊ-ականները ոտքերը մաքրում են, հակառուսական կրքերը հստակ հրահանգով շարունակաբար բորբոքվում են, 102-րդ ռազմաբազան փաստացի հռչակվում է՝ սպառնալիք, և սա՝ այն դեպքում, երբ ՌԴ-ից ՀՀ ունեցած կախվածությունը միայն մեծանում է՝ ասենք արտաքին առևտրի ոլորտում անցնելով 43%-ն այն դեպքում, երբ 1 տարի առաջ 28%-ից մի փոքր ավել էր:

Այնպես որ՝ Լավրովից կարող է նեղանալ կամ նեղվել ասենք Գարեգին Նժդեհը, Անդրանիկը, Թաթուլ Կրպեյանը, Մոնթեն ու նույնիսկ նախկին իշխանությունները, բայց ոչ երբեք ՔՊ-ական այն խունտան, որի ձեռամբ է, որ Արցախն Արդբեջան է դարձել,և վերջ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել