168.am-ը գրում է․

Հունվարի 18-ին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը հայտարարել էր, թե` «2022 թվականի սեպտեմբերյան մարտերի ժամանակ ոչնչացվել է հայկական 18 դիրք, 2 դիվիզիոն Ս-300, ՌԷՊ 2 համակարգ՝ «Ժիտել», թիրախում եղել են նաև զենիթահրթիռային համակարգեր (ЗРК С-125), ռադիոլոկացիոն կայաններ», և այլն:

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ սեպտեմբերյան մարտերի ժամանակ հայկական կողմը կորցրել է մոտ 50 դիրք:

Պաշտպանության նախարարությունը կորցրած դիրքերի թիվը գաղտնիք է համարել մինչ այժմ:

Մասնավորապես, սեպտեմբերյան մարտերից հետո ԱԺ-ում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը լրագրողների հետ զրույցում ասել էր.

«Դիրքային կորուստներ ունեցել ենք Ներքին Հանդի, Ջերմուկի, Իշխանասարի, Կուտականի ուղղությամբ: Իսկ քանակական դիրքային եթե համարում ենք ջոկի դիրք, դասակի հենակետ, վաշտի հենակետ, դրանք տարբեր նշանակության կառույցներ են: Հետևաբար, տերմինաբանությամբ ասել՝ կոնկրետ այսքան ենք կորցրել, 50 ենք կորցրել, 60, թե 70, հստակ չեմ կարող պատասխանել, և չեմ կարող մեկնաբանել, թե անձինք, որոնք ներկայացնում են համապատասխան թվեր, ինչ նկատի ունեն»:

Հարգելով գաղտնիության սկզբունքը, բայցև հաշվի առնելով փաստը, որ Ադրբեջանը հայկական ոչնչացրած դիրքերի և ռազմական տեխնիկայի թիվ է հրապարակել, և հնարավոր է՝ չափազանցություն կա ադրբեջանական տեղեկության մեջ, հատկապես ռազմական տեխնիկայի վերաբերյալ, 168.am-ը հունվարի 18-ին հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ պարզելու, թե որքանո՞վ է իրականությանը համապատասխանում Ադրբեջանի հրապարակած տեղեկությունը, և, ի վերջո, քանի՞ դիրք է կորցրել հայկական կողմը 2022 թվականի սեպտեմբերյան մարտերի ընթացքում:

Մոտ 2 շաբաթ հետո Պաշտպանության նախարարությունը գրություն է ուղարկել 168.am-ին, որտեղ նշվում է, որ հայկական կողմի կորցրած դիրքերի թիվը հրապարակման ենթակա չէ:

«Ի պատասխան Ձեր 18.01.2023 գրության՝ հայտնում ենք, որ սեպտեմբերյան մարտերի ժամանակ հակառակորդը թիրախավորել էր ՀՀ ԶՈՒ ռազմական նշանակության ենթակառուցվածքի օբյեկտներ, անձնակազմ, սպառազինություն և ռազմական տեխնիկա: Հայկական կողմի կորցրած դիրքերի քանակը «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի, 1-ին ենթակետի պահանջների համաձայն հրապարակման ենթակա չէ»:

Այս համատեքստում հավելենք, որ ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել էր սեպտեմբերյան մարտերի ժամանակ թշնամու կողմից թիրախավորված կամ ոչնչացված զորամասերի թիվը՝ 6: Եթե այս առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարություն հարցում ուղարկեինք, վստահ ենք՝ ՔԿ-ի հրապարակած թիվը գաղտնիք էր համարվելու:

Իսկ ո՞ւմ համար են գաղտնիք պահում կորցրած դիրքերի թիվը՝ Ադրբեջանի՞, թե՞ հայ հասարակության:

Եվ ամենակարևորը՝ ստացվում է՝ Ադրբեջանի հրապարակած տեղեկության մեջ հայկական ռազմական տեխնիկայի վերաբերյալ չափազանցություն չկա՞ր:

Ի դեպ, հաշվի առնելով հանգամանքը, որ հնարավորություն չկա ասուլիսի կամ ճեպազրույցի ֆորմատով հարցեր ուղղելու ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, հատկապես, երբ կուտակված բազմաթիվ հարցեր կան՝ բանակում և բանակի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, հունվարի 18-ին ՊՆ ուղարկած հարցման մեջ 168.am-ը խնդրել էր հարցազրույցի հնարավորություն ստեղծել Սուրեն Պապիկյանի հետ, ինչը մերժվել է:

«Հայտնում ենք, որ ներկա ժամանակահատվածում պաշտպանության նախարարի հետ հարցազրույցի կազմակերպումը նպատակահարմար չէ»,- նշված է ՊՆ գրության մեջ:

Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ 2023 թվականը պետք է լինի սխալների խմբագրման, քրտնաջան աշխատանքի և բանակի ողնաշարը շտկելու տարի։ Հուսանք, սա կվերաբերի նաև լրատվամիջոցների հետ աշխատանքին, և վերջապես կվերադառնանք նախկին վիճակին, երբ ՊՆ և ԳՇ ղեկավարությունը գոնե ժամանակ առ ժամանակ կհանդիպեն լրագրողներին և ասուլիսի ձևաչափով կպատասխանեն նրանց հարցերին:

Ի դեպ, երեկվանից ՀՀ պաշտպանության նախարարը նորից սկսել է, ըստ ՊՆ հաղորդագրության, անակնկալ այցեր կատարել զորամասեր:

Թե որքանով է տեղին և ճիշտ Գեղարքունիքի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհից հետո, ինչը 15 զինծառայողի կյանք է խլել, այցերի նոր փուլը սկսել Երևանից ոչ շատ հեռու գտնվող զորամասից, մեկնաբանությունները թողնում ենք ձեզ:

Ըստ էության, Սուրեն Պապիկյանի այս այցը ևս ինչ-որ առումով կարելի է տեղավորել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների փնտրտուքի տրամաբանության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել