Կրիննիցայում եմ, Լեհաստանում։ Մասնակցում եմ տնտեսական ֆորումի աշխատանքին։ Աշխարհի մոտ 50 երկրներից 2700 մարդ է մասնակցում։ Հիմնական թեմաներից մեկն էլ արևելյան գործընկերությունն է։ 2 զեկուցում ունեմ։ Առավոտ է, 4-ը սեպտեմբերի 2013թ.։ Այս պահին հարյուրավոր հարցապնդումներ եմ ստանում եվրոպացիներից ու բազմաթիվ զանգեր Հայաստանից մեր երկրի` Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ։ Այստեղ ևս հայաստանցիները (Ա.Մկրտչյան և մյուսներ) բացատրություններ են խնդրում։ Հայաստանի լրագրողներին, մինչև վերադառնալս, ընդհանուր ձևով պատասխանում եմ։ Ես պնդում եմ, որ նման հարցերը (Մաքսային միությո՞ւն, թե՞ ասոցացման համաձայնագիր) պետք է լուծել հանրաքվեի միջոցով։ Այս տարվա նախագահական ընտրություններին միակն եմ եղել, որ կոչ եմ արել այդ մոտեցման օգտին։ Մի լուծեք այդ հարցերը միանձնորեն։ Կա ժողովուրդ։ Ինչպես քվեարկեց, այդպես էլ կլինի։ Այլապես կա՛մ վատ է լինելու, կա՛մ էլ խայտառակվելու ենք։ Երեկ` սեպտեմբերի 3-ին, «Կենտրոնով» ցույց են տվել իմ հարցազրույցը Պետրոսի հետ։ Այն նկարահանվել էր նախօրեին, մինչև Սերժ Սարգսյանի մոսկովյան այցը։ Այնտեղ, վերջում, ասում եմ, որ մինչև եվրոպական համաձայնագիրը ստորագրելը «սյուրպրիզներ» կլինեն։ Փաստորեն երեկ եղավ։
p.s. Այս օրերին ինձ զանգում են նաև սեպտեմբերի 2-ին կայացած «դատավարության» արդյունքների համար։ Նորից եմ ասում. դա դատավարություն չէ, այլ սամասուդ։ Կվերադառնամ և հանդես կգամ ընդարձակ տեղեկատվությամբ։ Այդ թվում կհրապարակվեն բոլոր փաստաթղթերը։ Դուք կիմանաք նաև իշխանություններից այն մարդու անունը, ով այդ խայտառակությունը պատվիրել էր։ Միևնույնն է, խնդիրն այնպիսին է (ավելի ճիշտ` խնդրի բացակայությունն այնպիսին է), որ նույնիսկ Հայաստանի նման անիրավական երկրում ի վերջո ես հաղթելու եմ։ Միայն ցավում եմ, որ դու քո գործն ես անում, իսկ քեզ մերթընդմերթ դատում են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել