Այս պահին ինձ տեղեկացրին, որ վախճանվել է Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը:
Մոտ մեկուկես ամիս առաջ Անանյանին հանդիպեցի ՀԳՄ-ից ներքև՝ Բաղրամյան փողոցի սկզբնամասում գտնվող թերթի կրպակի մոտ, որտեղից ավանդաբար թերթ և ծխախոտ էր գնում: Ինչպես միշտ՝ առույգ էր, կենսուրախ: Հրավիրեց զրույցի, ասաց, որ կարևոր հարց ունի քննարկելու: Ասացի, որ վաղը Մոսկվա եմ մեկնում, և խոսակցությունը հետաձգեցինք: Վերադառնալուց հետո անընդհատ փորձում էի ժամանակ գտնել՝ հանդիպելու համար, սակայն երեկ իմացա, որ մեկնել է Գերմանիա՝ բուժման: Ցավոք, մահը անհասկանալի կարճ ժամանակահատվածում խլեց նրան մեզանից:

Բացի սերտ արյունակցական կապից՝ Լևոն Անանյանի հետ երկարատև ստեղծագործական, աշխատանքային, մարդկային առնչություն եմ ունեցել: Ափսոս, որ այսքան շուտ հեռացավ կյանքից: Իսկ կյանքն այնքան եռուն էր նրա մեջ: 
Կորուստդ թանկ է ինձ համար, Լևոն ջան: Աստված հոգիդ լուսավորի:
Քո մահով այս կյանքում ինչ որ բան հաստատ կիսատ մնաց ու անհասկանալի: Դու կյանքի մեջ էիր, կյանքը՝ քո մեջ:
Ափսոս, շատ ափսոս...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել