Ի պատասխան վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տարածած հաղորդագրության, հարկ ենք համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումները: Այս մասին հայտարարություն է տարածել Վանաձորի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունը։

Մահացած ծննդկան Մ. Գ.-ն ընդունվել է Վանաձորի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք օգոստոսի 22-ին՝ ժամը 18:40-ի սահմաններում,  ուժեղ ցավերով: Անմիջապես իրականացվել են համապատասխան հետազոտություններ, կազմակերպվել են նաև նեղ-մասնագետների կոնսուլտացիաներ: Հղիի մոտ հաստատվել է աջակողմյան լումբոիշալգիա: Նեղ մասնագետների կողմից նշանակվել է համապատասխան բուժում:

Օգոստոսի 24-ին հղիի մոտ նկատվել են  ցավեր կրծքավանդակի շրջանում, կրկին հրավիրվել են թերապևտ, նյարդաբան, ցուցվել է կատարել մագնիսա-ռեզոնանսային հետազոտություն (MRT)  հետազոտություն (Վանաձորի բժշկական կենտրոնում տվյալ հետազոտությունը չի իրականացվում):

Կապ է հաստատվել  վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի հետ, պայմանավորվածություն ձեռք բերվել ծննդկանին տեղափոխել իրենց մոտ, սակայն նշված կառույցից ժամեր անց առաջարկել են ծննդկանին տեղափոխել հաջորդ օրը, այսինքն երեկ՝ օգոստոսի 25-ին:

Տեղափոխման ժամանակ հղիի ճնշումը եղել է 90/60, սատուրացիան՝ 97: Հղիի վիճակը, մինչ շտապօգնության մեքենան նստեցվելը, գնահատվել է  շտապօգնության բժշկի կողմից: Կայուն հեմոդինամիկ ցուցանիշներով հղին տեղափոխվել է Երևան:  Եթե կինը լիներ անգիտակից կամ այնպիսի վիճակում, ինչպես նշված է վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տարածած հաղորդագրության մեջ, ապա միանշանակ հղին այդ վիճակում չէր ճանապարհվի Երևան:

Ճանապարհին հղիին ընդունած մանկաբարձ-գինեկոլոգ Ռուզաննա Վանյանը կապ է հաստատել շտապօգնության բժշկի հետ: Շտապօգնության մեքենայի մեջ կնոջ գիտակցությունն ու խոսքը  տեղն է եղել: Կնոջ վիճակը կտրուկ վատացել է վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի ընդունարանում, միանգամից տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, որտեղ էլ կարճ ժամանակ անց արձանագրվել է հղիի մահը:

Խորապես ցավակցելով մահացած ծննդկանի հարազատներին ու մտերիմներին, հիշեցնում ենք, որ փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննության ավարտին բոլոր հարցերը կստանան իրենց պատասխանները»,-ասված է հայտարարության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել