Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Վահե Միսակյանի նախագահությամբ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով հերթական դատական նիստն այսօր կրկին հետաձգվեց՝ վկա Սևան Քոչարյանի, ում ցուցմունքի հիման վրա է հարուցվել գործը, նիստին չներկայանալու պատճառով:
Նախորդ դատական նիստը ևս հետաձգվել էր, քանի որ գործով վկաները կրկին չէին ներկայացել դատարան: Նրանցից մեկին ոստիկանությունը պետք է դատարանի որոշմամբ բերման ենթարկեր նիստին, սակայն փաստացի դատարանի որոշումը չէր կատարվել:
Այսօր դատավորը հայտարարեց, որ կրկին կդիմեն ոստիկանություն՝ վկա Սևան Քոչարյանին հաջորդ նիստին բերման ենթարկելու համար:
Մյուս վկան դատարանին տեղեկացրել էր, որ անձնական պատճառներով բացակայում է երկրից և չի կարող ներկա գտնվել նիստին:
Փաստաբան Ամրամ Մակինյանի համոզմամբ, վկան չի գալիս նիստին, քանի որ եթե խոսի, մարդիկ հասկանալու են՝ այս գործը ինչպես է փաթեթավորվել:
ՀՀ երրորդ նախագահը և նրա փաստաբանները բազմիցս հայտարարել են, որ սա ակնհայտ քաղաքական հետապնդում է՝ հարուցված շինծու գործի հիման վրա:
Փաստաբան Մակինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ յուրաքանչյուր դատական նիստի ժամանակ հանրությանը ցույց են տալու, թե ինչ աղաղակող փաստեր կան այն մասին, որ պարոն Սարգսյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում և հերթականությամբ ներկայացնելու են այս քրեական գործի քրեական գործ չլինելը՝ շինծու լինելը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել