Արևմուտքի ցինիկ հնարքը

Ինչպես հայտնել է ԱՀ արտգործնախարար Դավիթ Բաբայանը, օգոստոսի 11-ին Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը Նոր Հարավային Ուելսում կայացած համաժողովում ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը և Թուրքիայի կողմից իրականացված հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունները՝ դիմելով Ավստրալիայի դաշնային կառավարությանը՝ նույնպես ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը։

Արևմուտքի կողմից այսօրինակ ճանաչումների մի կարճատև ու ոչ նշանակալից շքերթի հայությունն ականատես դարձավ 44-օրյա պատերազմից հետո այն դեպքում, երբ պատերազմի ընթացքում Արևմուտքը պրակտիկորեն մատը մատին չտվեց՝ կանխելու ադրբեջանական ագրեսիան՝ Արցախի դեմ:

Հիմա հերթական նմանատիպ երևույթի ենք ականատես դառնում. մի քանի օր առաջ տեղի ունեցած ադրբեջանական բացահայտ ոտնձգություններին ու Լաչինի միջանցքի՝ ադբեջանական վերահսկողության տակ հայտնվելուն զուգահեռ տեսեք-տեսեք, թե ինչ մեծ քայլ է անում հավաքական Արևմուտքը՝ ի դեմս Ավստրալիայի Լիբերալ կուսակցության ճանաչելով Արցախի անկախությունը կամ Ցեղասպանությունը:

Ցավն այն է, որ նմանօրինակ ոչիչ չասող ու չտվող քայլերով Արևմուտքը կարողանում է նույն Հայաստանում ոմանց մոտ պահպանել իր իմիջն ու մինչև վերջ չխայտառակվել: Այս բոլորն ընդամենը քարոզչական հնարքներ են՝ այն հաշվարկով, որ մեր ժողովուրդն էմոցիոնալ է և հեշտությամբ է տրվում նման հնարքներին. եթե քարոզչական դաշտում Արևմուտքը փորձում է ինչ-որ կերպ փրկել իր դեմքը, ապա գործնական հարթությունում շարունակում է արբենալ ադրբեջանական նավթի արյունոտ հոտով՝ Թուրքիայի միջոցով ՆԱՏՕ-ի թևի տակ քաշելով Արցախը կուլ տվող հրեշին:

Իհարկե, գուցե ոմանք կարող են կատարվածում նշմարել նաև Պուտին-Էրդողան հանդիպման արձագանքները՝ նկատի ունենալով այդ հանդիպմանը հետևած Արևմուտքի նախազգուշացումները՝ Էրդողանին՝ խուսափելու ՌԴ հետ մերձեցումից, բայց կատարվածը չափազանց աննշան մի բան է՝ պնդելու այդ թեզը. Լիբերալ կուսակցությունն Էրդողանին ի՞նչ, կամ կուսակցության կողմից Արցախի ճանաչումը որքանո՞վ է զսպելու Իլհամի ախորժակը…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել