Յուրաքանչյուր երկրի անվտանգության հենքը բանակն է, երկրի զինված ուժերը, որի հիմնական գերխնդիրը սեփական երկրի շահերի պաշտպանությունն է զենքի գործադրման միջոցով: Բանակն ինքը որպես հասկացություն բավականին խորը պատմություն ունի: Գրեթե հավասար է մարդկության զարգացմանը: Պարզապես ժամանակի ընթացքում մարտի կանոններն են փոխվել, պատերազմելու եղանակները, բայց մեկ է, բովանդակությունը նույնն է, քանի որ War never changes: Պատերազմը երբեք չի փոխվում: Բանակը նաև պետության հայելին է, որքան ուժեղ է, որքան հագեցված ժամանակակից ռազմական տեխնիկայով, այնքան բարձր կլինի երկրի վարկանիշը միջազգային հանրության առջև, տվյալ պետության խոսքը կլինի առաջնային: Սովորական առօրյայում էլ, որքան ուժեղ է մարդը, այնքան խոսքն ավելի ազդեցիկ է: Բանակը նաև փակ կառույց է: Փակ ու գաղտնի: Մեկ անգամ չէ, որ անդրադարձել եմ այդ կարևոր հանգամանքին: Պետք չէ տարածել բանակի մասին լուրեր զուտ վարկանիշի բարձրացման համար, առանց խորանալու խնդրի էության մեջ, առանց ճշտելու, գիտակցելու: Մանավանդ հիմա, երբ արտաքին լարվածությունը թուլացած չէ: Ամեն րոպե կա վտանգ, ու քանի-քանի անգամ ենք զգացել այդ վտանգի հասցված վնասը: Իսկ մենք հաղթանակած բանակ ենք, մենք ամաչելու տեղ չունենք: Հաղթանակած բանակին չպետք է նեղացնել, փնովել, հակառակը` պիտի սիրել ու նվիրվել: Մեկ է, որ պատերազմ եղավ, բանակն է մեզ պահելու, ու այդ պահին հաստատ շատերը կափսոսան ժամանակին բանակի հասցեին հասցված զրպարտանքի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել