Երեկ Սյունիքում թշնամին էլի առաջ է եկել ու հենակետ դրել։
Երեկ Սյունիքում թշնամին էլի հայ զինվոր է գերի վերցրել։ Մեր իսկ երկրի տարածքում։
Ինչքա՞ն եք հանդուրժելու դա։ Ինչքա՞ն եք դա չտեսնելու, չլսելու տալու։ Ինչքա՞ն եք ձեր համակերպվելն արդարացնելու ձեր երազած իդեալական ընդդիմության բացակայությամբ։
Ոտքի կանգնեք։ Դուրս եկեք փողոց, դուք դարձեք այդ իդեալական ընդդիմությունը։
Երբ ընդդիմության այս կամ այն խումբը Հայաստանի որևէ կետում ակցիա է անում, երթ է անում, կամ փողոց փակում, դուք էլ այլ բան արեք։ Բայց ցույց տվեք, որ անտարբեր չեք մեր երկրի ճակատագրին։ 5 հոգով, 10 կամ 50, թեկուզ լուռ ակցիա արեք, բայց մի բան արեք, գրողը տանի։
Որովհետև մինչ դուք տանը նստած սպիտակ նժույգով իր ասպետին սպասող անհույս կույսի պես սպասում եք իդեալական առաջնորդի, ընդդիմադիր ուժի կամ կուսակցության, թշնամին հերթական հենակետն է դնում մեր երկրի տարածքում, հերթական զինվորին է սպանում կամ գերեվարում։
Ոտքի կանգնեք ու միացեք մեզ, կամ առանձին գործեք, բայց մի բան արեք գրողը տանի։ Այս կյանքում բոլոր հանցագործությունների մեղավորը ոչ միայն դա անողն է, այլ նաև անտարբերությամբ դրան հետևողը։
Ես կոչ չեմ անում արթնանաք, ես կոչ եմ անում ուղղակի բացեք ձեր աչքերը, կոչ եմ անում ոտքի կանգնել` մեր կողքին կամ առանձին, բայց Ոտքի կանգնել։
Հետո ուշ կլինի, հետո կանգնելու տեղ չի լինի մեր երկրում, որն արդեն մերը չի լինի։
Ոտքի կանգնեք, խնդրում եմ որպես ձեր ընկեր կամ ուղղակի հայրենակից։ Մեր կողքին կամ առանձին, բայց Ոտքի կանգնեք, քանզի արդեն ոչ միայն Արցախը, այլ նաև Սյունիքն ու Գեղարքունիքն են մեզ կանչում, բզկտվող հայրենիքն է մեզ կանչում։ Ոտքի կանգնեք
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել