Արդեն շուրջ 5 տարի է՝ ինչ Թուրքիան պաշտոնապես գրավել է Սիրիայի սուվերեն տարածքի մի զգալի հատված և այնտեղ կառուցում է թուրքական պետություն։ Կից քարտեզում կանաչ գույնով երևում են Սիրիայի հյուսիսում թուրքերի կողմից նվաճված երկու հատվածները՝ գրպանիկները։ Օրերս Թուրքիայի՝ Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսելու մասին խոսակցությունների ֆոնին Անկարան տարբեր ձևաչափերով պահանջ է ներկայացնում, որպեսզի այս երկու հատվածների մեջ լինի ցամաքային կապ՝ միջանցք։ Այլ բառերով, իրենք նվաճել են երկու առանձին տարածք, այժմ պետք է դրանց միջև կապ հաստատել, որպեսզի էլ ավելի արագ ընթանա դրանց յուրացումը։
Սակայն ինչպես գիտեք, Թուրքիայի համար գլխավոր միջանցքը, որ այն ցանկանում է ամեն գնով ստանալ, Սյունիքում է, որի ուղղությամբ վերջին 12 ամիսներին աննախադեպ ծավալի աշխատանք է կատարվել՝ դիվանագիտական/ռազմական ասպարեզներից մինչև քարոզչական։ Հերթական անգամ հիշեցնեմ, որ Սյունիքով անցնելիք «Թյուրքական/Զանգեզուրի միջանցքը» զրկելու է Հայաստանին զարգանալու որևէ հնարավորությունից։
Ու փոխանակ պայքարելու թուրքերի նվաճողականության դեմ, ՀՀ դե ֆակտո թուրքամետ իշխանության մի հերթական տգետ նախարար այսօր հանդես է եկել հերթական հակահայկական պնդումով. «Մենք պետք է որպես ժողովուրդ հստակեցնենք մեր երկրի սահմանները, դա լավ է, թե վատ, այլ հարց է, բայց պետք է լինի հստակ, ու մեր առջև նպատակ դնենք այդ սահմաններում հզորանալ»։ Մեր երկրի սահմանները մեր ժողովուրդը շատ վաղուց է հստակեցրել այս հողում իր ապրելով, կռվելով, կառուցելով ու զոհվելով։ Միայն վերջին երեք տասնամյակում մեր ժողովրդի բազմաթիվ հերոս զավակների արյունով գծված սահմանները թշնամուն նվիրող քաղաքական ուժը այսօր, փաստացի, «երկրի սահման» ասելով նկատի ունի այն սահմանները, որոնք պահանջում են Հայաստանի թշնամի Ադրբեջանն ու Թուրքիան։ Տարածաշրջանն ու քաղաքականությունն իմացող ցանկացած մտածող մարդու համար պարզ է, որ այս զիջումներից հետո մեզանից պահանջելու են նոր զիջումներ՝ ամեն անգամ փոխելով մեր սահմանները և իսպառ զրկելով զարգանալու որևէ հնարավորությունից։
Հայաստանի կապիտուլիանտ իշխանություններին չհեռացնելը նշանակում է զիջել Թուրքիային և Ադրբեջանին հայ ժողովրդի հայրենիքի վերջին կտորը։ Սա վաղուց արդեն պարզ ճշմարտություն է։
May be an image of map and text
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել