Ադրբեջանը միջազգային կառույցները կրկին ողողել է ստով ու ապատեղեկատվությամբ
Ադրբեջանը միջազգային բոլոր կառույցներին սկսել է «համոզել», որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Պաշտպանության բանակը պետք է դուրս բերվի Արցախից։ Նպատակը մեկն է՝ ամբողջապես հայաթափել Արցախը։
Ուստի հստակ դիտավորությամբ վերջին
օրերին ադրբեջանական զինուժն ակտիվացրել է իր սադրիչ գործողությունները թե՛ Հայաստանի զինված ուժերի, թե՛ Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումների դեմ՝ թիրախավորելով նաեւ խաղաղ բնակավայրերը։
Ի դեպ, չնայած նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ ֆիքսված է, որ կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում, սակայն ադրբեջանական զինուժը «իր զբաղեցրած» դիրքերից վաղուց արդեն տեղափոխվել է ՀՀ սուվերեն տարածք ու Ալիեւ-Էրդողան դուետը այլեւս Զանգեզուր միջազգային ներդրողներ է հրավիրում։
Որպես «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» կազմակերպության նախագահ, միջազգային կառույցներին, ԵԽԽՎ քաղաքական խմբերին եւ Հայաստանի հարցով համազեկուցողներին տեղեկացրել եմ, որ ադրբեջանական կողմի պնդումները, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված է հայկական զորամիավորումների դուրս բերում Արցախից՝ ակնհայտ կեղծիք է։
Որ պահին Արցախի Պաշտպանության բանակը դուրս բերվեց՝ նույն պահից սկսվելու է Արցախի վերջնական հայաթափումը։
Հուսանք, որ հայաստանյան քաղաքական ուժերը, որոնց մի կտորը էս պահին զբաղված է՝ «Ո՞վ էր Պանիկովսկին հեղափոխությունից առաջ» մաստեր-կլասներ ցուցադրելով եւ միմյանց «սագագող» անվանելու «լրջագույն» դիսկուրսով, սույն դիսկուրսի պաուզաներին կփորձեն զբաղվել Ադրբեջանի հերթական լկտի ուլտիմատումով. այն է՝ դուրս բերել Պաշտպանության Բանակը Արցախից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել